Երբ GPS-ը սխալվում է, իսկ անջատված հեռախոսը դեռ կարելի է գտնել
Ինչ է GPS-ի խցանումը և կեղծումը, ինչպես կարելի է գտնել անջատված հեռախոսը, և ինչպես է արբանյակն օգնում, երբ կապ չկա։ Պատմում եմ նաև այն մասին, թե ինչ է կատարվում արբանյակային նավիգացիայի հետ մեր տարածաշրջանում, ինչու ձեր մեքենան կարող է ինքը շտապ օգնություն կանչել, և ինչու Հայաստանում գնված iPhone-ները չունեն արբանյակային կապ։ Տեղորոշման մասին հոդվածաշարի երրորդ մասը։
Թամարա Մարտիրոսյան
Տեղորոշման մասին հոդվածաշարի երրորդ մասը
Ինքնաթիռի նավիգացիոն համակարգը կարող է հանկարծ ցույց տալ, որ օդանավը բոլորովին այլ տեղում է։ Կորած հեռախոսի մարտկոցը կարող է նստել, և թվալ, թե այն այլևս հնարավոր չէ գտնել։ Լեռներում կարող է կապ չլինել հենց այն պահին, երբ օգնություն է պետք։
Այս երեք իրավիճակներն առաջին հայացքից իրար հետ կապ չունեն, բայց երեքն էլ կապված են մեկ հարցի հետ՝ ինչպես է սարքը որոշում, թե որտեղ է գտնվում, և ինչ է կատարվում, երբ այդ համակարգը խափանվում է։ Առաջին երկու մասերում պատմեցի, թե ինչպես է հեռախոսը որոշում ձեր գտնվելու վայրը, և ով կարող է իմանալ այդ տեղեկությունը։ Այս անգամ կխոսենք այն մասին, թե երբ է այդ համակարգը սխալվում, և երբ, ընդհակառակը, օգնում է։
Ինչպես է աշխատում GPS-ը
Սկսենք ամենապարզից։ GPS-ն ամերիկյան արբանյակային նավիգացիոն համակարգ է։ Կան նաև այլ նման համակարգեր, օրինակ՝ եվրոպական Galileo-ն, և ժամանակակից հեռախոսները սովորաբար օգտագործում են մի քանիսը միաժամանակ։
Շատերը կարծում են, որ արբանյակը «տեսնում» է մեր հեռախոսը։ Իրականում ամեն ինչ հակառակն է։ Արբանյակները միայն ռադիոազդանշան են ուղարկում, որի մեջ կա տեղեկություն իրենց դիրքի և ազդանշանն ուղարկելու ճշգրիտ ժամանակի մասին։ Հեռախոսը միայն ընդունում է այդ ազդանշանները, համեմատում է, թե որքան ժամանակում է հասել յուրաքանչյուրը, և ինքն է հաշվում իր դիրքը։ Այդ պատճառով GPS-ն անվանում են պասիվ համակարգ. հեռախոսը արբանյակներին ոչինչ չի ուղարկում, ինչպես մեքենայի ռադիոն ոչինչ չի ուղարկում ռադիոկայանին։
Քանի որ ամբողջ հաշվարկը հիմնված է ստացված ազդանշանի վրա, խնդիր է առաջանում, երբ սարքը կա՛մ չի կարողանում ստանալ այն, կա՛մ ստանում է կեղծը։ Հենց այստեղից են սկսվում խցանումն ու կեղծումը։
Երբ GPS-ը սխալ տեղ է ցույց տալիս. խցանում և կեղծում
Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) առանձնացնում է արբանյակային նավիգացիային միջամտելու երկու հիմնական եղանակ։
Խցանում (jamming). Սա դիտավորյալ ռադիոմիջամտություն է։ Խցանող սարքը ռադիոալիքներ է հեռարձակում այն հաճախականություններով, որոնցով աշխատում են նավիգացիոն արբանյակները։ Արդյունքում ընդունիչը, օրինակ՝ հեռախոսի կամ ինքնաթիռի նավիգացիոն սարքը, չի կարողանում որսալ արբանյակների ազդանշանը։ Այն կա՛մ ընդհանրապես չի որոշում իր դիրքը, կա՛մ որոշում է այն վատ ճշտությամբ։
Կեղծում (spoofing). Այս դեպքում հեռարձակվում են կեղծ ազդանշաններ, որոնք նմանակում են իսկական արբանյակային ազդանշանները։ Ընդունիչն ընդունում է դրանք որպես իսկական և հաշվում է սխալ դիրք, սխալ երթուղի կամ սխալ ժամանակ։
EASA-ն նշում է, որ կեղծումն ավելի մեծ ռիսկ է, քան խցանումը։ Տրամաբանությունը պարզ է. խցանման դեպքում սարքը կորցնում է ազդանշանը, և դա հնարավոր է նկատել, իսկ կեղծման դեպքում սարքը շարունակում է աշխատել և ցույց տալ դիրք, որը սխալ է։
Որքան լուրջ է խնդիրը
2025-ի մարտին ՄԱԿ-ի երեք մասնագիտացված կառույց՝ Միջազգային հեռահաղորդակցության միությունը (ITU), Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) և Միջազգային ծովային կազմակերպությունը (IMO), համատեղ հայտարարությամբ լուրջ մտահոգություն հայտնեցին արբանյակային նավիգացիային միջամտությունների աճի կապակցությամբ։ Նրանք կոչ արեցին պետություններին պաշտպանել այդ ազդանշանները և պահպանել նավիգացիայի ավանդական միջոցները, որպեսզի խափանման դեպքում օդանավերն ու նավերը կարողանան ճիշտ ուղի գտնել նաև առանց արբանյակների։
2026-ի հուլիսի 3-ին EASA-ն թարմացրեց այս թեմայով իր անվտանգության տեղեկագիրը։ Գործակալությունը նշում է, որ 2022-ի փետրվարից ի վեր խցանման և կեղծման դեպքերն աճում են, հատկապես հակամարտությունների գոտիների շրջակայքում և այլ զգայուն տարածքներում, ինչպիսիք են Միջերկրական և Սև ծովերի, Մերձավոր Արևելքի, Բալթիկ ծովի և Արկտիկայի շրջանները։ Դրանք կարող են ազդել ոչ միայն օդանավերի, այլև գետնի վրա գործող այն համակարգերի վրա, որոնք օգտագործում են արբանյակային նավիգացիա։ EASA-ն պարբերաբար թարմացնում է այն օդային տարածքների ցանկը, որոնց վրա այս խնդիրը հիմնականում ազդում է։ Ասիայում ICAO-ի տարածաշրջանային գրասենյակը 2026-ի օգոստոսին ուղեցույց հրապարակեց, թե ինչպես պետությունները կարող են հայտնաբերել նման դեպքերը և զեկուցել դրանց մասին։
Ինչ է վերաբերում Հայաստանին
EASA-ի ցանկում ընդգրկված է նաև Երևանի օդային տարածքը։ 2026-ի հոկտեմբերի 14-ի տվյալներով այն վերջին 7 օրվա աղյուսակում 40-րդ տեղում է, իսկ վերջին 30 օրվա աղյուսակում՝ 34-րդ։ Օդային փոխադրողների միջազգային ասոցիացիան (IATA) 2026-ի փետրվարի իր գնահատականում Երևանի օդային տարածքը ներառել է Թբիլիսիի և Բաքվի օդային տարածքների հետ նույն խմբում։
Կարևոր է ճիշտ հասկանալ այս տվյալները։ EASA-ն այս ցանկը կազմում է օդանավերի հաղորդած տվյալներով. ինքնաթիռներն անընդհատ հաղորդում են, թե որքան ճշգրիտ են որոշում իրենց դիրքը։ Եթե որևէ տարածքում շատ օդանավերի մոտ այդ ճշտությունը միաժամանակ վատանում է, EASA-ն դա համարում է հնարավոր խցանման նշան։ Երևանի օդային տարածքի համար EASA-ն կեղծման հայտանիշ չի նշել։ Այսպիսով, տվյալները ցույց են տալիս, որ խնդիրը մեր տարածաշրջանին անծանոթ չէ, բայց չեն պատմում, թե ինչպես է այն ազդում սովորական մարդկանց հեռախոսների վրա։
Խցանող սարքն արգելված է
ԱՄՆ-ում GPS-ի կամ բջջային կապի խցանող սարք օգտագործելը կամ վաճառելը օրենքով արգելված է, և բացառություն չկա ոչ տան, ոչ գրասենյակի, ոչ էլ մեքենայի համար։ Խախտման դեպքում կարող են նշանակվել խոշոր տուգանքներ, առգրավել սարքը և նույնիսկ կիրառել ազատազրկում։
Իրական դեպքը ցույց է տալիս, թե ինչու է դա այդքան լուրջ։ 2013-ին ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովը գրեթե 32 հազար դոլարի տուգանք առաջարկեց մի մարդու, որի մեքենայում միացված GPS-ի խցանող սարքը 2012-ին Նյուարքի օդանավակայանի մոտ գտնվող մայրուղում խանգարում էր օդանավակայանի անվտանգության համակարգին։
Կեղծ գտնվելու վայր հենց հեռախոսում
Գտնվելու վայրը կարելի է կեղծել նաև առանց ռադիոսարքի։ Android-ում ծրագրավորողների համար նախատեսված կարգավորումներում կա հնարավորություն, որով հատուկ հավելվածը կարող է օպերացիոն համակարգին տալ իրականից տարբեր գտնվելու վայր։ Այս դեպքում արբանյակային ազդանշանին ոչ ոք չի միջամտում. փոխարինվում է այն տվյալը, որը հեռախոսը փոխանցում է մյուս հավելվածներին։ Կարգավորումը ստեղծված է ծրագրերը փորձարկելու համար, որպեսզի ծրագրավորողը կարողանա ստուգել, թե ինչպես է իր հավելվածն աշխատում այլ քաղաքում՝ առանց այնտեղ մեկնելու։ Բայց նույն եղանակով կարելի է սխալ տվյալ տալ նաև սովորական հավելվածներին։
Ինչպես են պաշտպանվում կեղծումից
2025-ի հուլիսի 24-ից եվրոպական Galileo համակարգը գործարկել է OSNMA ծառայությունը։ Galileo-ի արբանյակները նավիգացիոն տվյալների հետ միասին հեռարձակում են նաև թվային ստորագրություն։ Դա լրացուցիչ կոդավորված տեղեկություն է, որի միջոցով ընդունիչը կարող է ստուգել, որ ստացված նավիգացիոն տվյալներն իսկապես ուղարկվել են Galileo-ի կողմից և չեն փոփոխվել։ Ըստ Եվրամիության տիեզերական ծրագրի գործակալության (EUSPA)՝ այս ստորագրությունը դժվարացնում է նաև նախապես ձայնագրված ազդանշանների կրկնակի հեռարձակումը։
Ծառայությունն անվճար է ամբողջ աշխարհի համար, բայց աշխատում է միայն այն ընդունիչներում, որոնք կարողանում են ստուգել այդ ստորագրությունը։ Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) տվյալներով՝ 2025-ի դեկտեմբերից Եվրոպայում այն պարտադիր է խելացի տախոգրաֆների համար, այսինքն՝ բեռնատարներում տեղադրվող այն սարքերի համար, որոնք գրանցում են վարորդի աշխատանքի և հանգստի ժամերը։
Արբանյակային նավիգացիայի խափանումը, ինչպես տեսնում եք, լուրջ խնդիր է։ Բայց նույն տեխնոլոգիաները մեկ այլ իրավիճակում կարող են օգնել, օրինակ՝ երբ կորցրել եք հեռախոսը։
Ինչպես են գտնում անջատված հեռախոսը
Եթե հեռախոսն անջատված է, նշանակո՞ւմ է, որ այն այլևս հնարավոր չէ գտնել։ Ժամանակակից հեռախոսների դեպքում՝ ոչ միշտ։
iPhone. Ըստ Apple-ի՝ iPhone 11-ը և ավելի նոր մոդելները Find My հավելվածով կարելի է գտնել մինչև 24 ժամ այն անջատելուց հետո (iOS 15 և ավելի նոր տարբերակներով)։ Եթե մարտկոցը գրեթե նստել է, և հեռախոսն անցել է էներգիայի պահուստային ռեժիմի, այն կարելի է գտնել մինչև 5 ժամ (iOS 15.2 և ավելի նոր տարբերակներով)։ Նույն ծառայությամբ կարելի է գտնել նաև AirPods ականջակալները։
Ինչպես է դա աշխատում։ Find My ցանցում կորած սարքը Bluetooth-ով կարճ ազդանշաններ է հեռարձակում։ Մոտակայքում գտնվող այլ մարդկանց Apple սարքերն ընդունում են այդ ազդանշանները և սարքի մոտավոր գտնվելու վայրը գաղտնագրված ձևով փոխանցում են տիրոջը։ Apple-ի խոսքով՝ ոչ ոք, այդ թվում նաև Apple-ը, չգիտի, թե որ սարքերն են օգնել գտնել կորած իրը։
Pixel. Google-ի Find Hub ծառայությունը (նախկինում՝ Find My Device) ունի նման հնարավորություն։ Google-ի տվյալներով՝ Pixel 8, Pixel 9 և Pixel 10 շարքերի հեռախոսները կարելի է գտնել մի քանի ժամ այն բանից հետո, երբ դրանք անջատվել են կամ մարտկոցը նստել է։
Samsung. Samsung-ի SmartThings Find ծառայության մեջ կա «Offline finding» գործառույթը։ Ըստ Samsung-ի՝ այն օգնում է գտնել հեռախոսը նույնիսկ այն դեպքում, երբ այն անջատված է կամ միացված չէ ինտերնետին։ Մոտակայքում գտնվող այլ Galaxy սարքը կարող է դրա գտնվելու վայրը փոխանցել Samsung-ի սերվերին։
Բայց երեք ընկերություններն էլ ընդգծում են մի կարևոր պայման. այս ամենն աշխատում է միայն այն դեպքում, եթե համապատասխան գործառույթը միացված է եղել նախքան հեռախոսը կորցնելը։ Կորած հեռախոսի կարգավորումները հեռավար միացնել հնարավոր չէ։ Դրա համար հոդվածի վերջում կգտնեք, թե ինչ պետք է ստուգել հենց այսօր։
Իսկ եթե հեռախոսը ձեզ մոտ է, բայց դուք գտնվում եք մի տեղում, որտեղ բջջային կապ չկա, կարող է օգնել արբանյակը։
Ինչպես է օգնում արբանյակը, երբ կապ չկա
Այստեղ արդեն խոսքը ոչ թե նավիգացիոն արբանյակների մասին է, որոնք միայն օգնում են որոշել դիրքը, այլ կապի արբանյակների, որոնց միջոցով սարքը կարող է հաղորդագրություն ուղարկել։
iPhone և Apple Watch
iPhone 14-ը և ավելի նոր մոդելները կարող են կապվել արբանյակի հետ, երբ չկա ոչ բջջային կապ, ոչ էլ Wi-Fi։ Արբանյակով կարելի է գրել շտապ օգնությանը, կանչել ճանապարհային օգնություն, նամակ ուղարկել հարազատներին և կիսվել ձեր գտնվելու վայրով։
Երբ արբանյակով դիմում եք շտապ օգնությանը, iPhone-ը փրկարարներին փոխանցում է ձեր գտնվելու վայրը (ներառյալ բարձրությունը), մարտկոցի մնացած լիցքը, ձեր պատասխանները կարճ հարցաշարին, ինչպես նաև Medical ID-ն, այսինքն՝ բժշկական տվյալների քարտը, եթե նախապես լրացրել եք այն։ Եթե iPhone-ը կամ Apple Watch-ը հայտնաբերի ծանր ավտովթար կամ ծանր անկում, և դուք չպատասխանեք, ծանուցումը կարող է ինքնաբերաբար ուղարկվել արբանյակով։
Արբանյակային կապը, սակայն, սովորական բջջային կապի նման չէ։ Ըստ Apple-ի՝ արբանյակներն արագ են շարժվում, ունեն ցածր թողունակություն և գտնվում են Երկրից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա։ Բաց երկնքի տակ հաղորդագրությունը կարող է ուղարկվել 30 վայրկյանում կամ ավելի երկար, թեթև սաղարթով ծառերի տակ՝ մի քանի րոպեում, իսկ խիտ անտառում, կիրճում կամ բարձր շենքերի մոտ կապը կարող է ընդհանրապես չհաստատվել։
Արբանյակով շտապ օգնություն կարելի է կանչել նաև Apple Watch Ultra 3 ժամացույցով։ Ըստ Apple-ի՝ դրա համար բջջային օպերատորի փաթեթ պետք չէ, բայց արբանյակով նամակներ ուղարկելու և գտնվելու վայրով կիսվելու համար այն անհրաժեշտ է։
Android
Google-ի Pixel հեռախոսներում, Pixel 9-ից սկսած (բացի Pixel 9a-ից), կա Satellite SOS գործառույթը, որը նույնպես թույլ է տալիս արբանյակով կապվել շտապ օգնության հետ։ Google Maps-ով և Find Hub-ով կարելի է արբանյակով կիսվել գտնվելու վայրով, բայց միայն այն մարդկանց հետ, ում հետ արդեն կիսվում եք։ Դա կարելի է անել օրական մինչև 5 անգամ՝ առնվազն 15 րոպե ընդմիջումով։
Մեքենան, որն ինքն է զանգում 112 Կա ևս մեկ սարք, որը կարող է օգնություն կանչել՝ մեքենան։ Եվրոպական միությունում 2018-ի մարտի 31-ից հետո արտադրության թույլտվություն ստացած բոլոր նոր մոդելները պետք է ունենան eCall համակարգը։ Ծանր վթարի դեպքում այն ինքնաբերաբար և անվճար զանգում է 112, իսկ արտակարգ ծառայություններին ինքնաբերաբար փոխանցվում են մեքենայի ճշգրիտ գտնվելու վայրը, վթարի ժամը, մեքենայի նույնականացման համարը և երթևեկության ուղղությունը։ Նույն զանգը կարելի է կատարել նաև ձեռքով՝ հատուկ կոճակով։ Համակարգն աշխատում է ԵՄ բոլոր երկրներում՝ անկախ նրանից, թե որտեղ է գնվել կամ գրանցվել մեքենան։
Օրենքը սահմանում է, որ սովորական երթևեկության ժամանակ համակարգը մեքենային չի հետևում և տվյալներ չի ուղարկում։ Տվյալներն ուղարկվում են միայն վթարի կամ ձեռքով զանգի դեպքում։
Որտեղ է աշխատում արբանյակային կապը
Apple-ի արբանյակային SOS-ը 2026-ի հոկտեմբերի դրությամբ գործում է 21 երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Եվրոպայի 15 երկրում։ Google-ի Satellite SOS-ը գործում է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և Եվրոպայի 30 երկրում։ Հայաստանը չկա ոչ մի ցանկում։
Կա ևս մեկ կարևոր մանրամասնություն։ Ըստ Apple-ի՝ արբանյակային կապը չի տրամադրվում Հայաստանում, Բելառուսում, մայրցամաքային Չինաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում գնված iPhone-ներին։ Այսինքն՝ եթե iPhone-ը գնել եք Հայաստանում, արբանյակային գործառույթները չեք կարողանա օգտագործել նույնիսկ այն երկրներում, որտեղ դրանք գործում են։ Apple-ը նշում է, որ արբանյակային գործառույթներ չեն տրամադրվում նաև որոշ երկրներում վաճառված Apple Watch Ultra 3 ժամացույցներին։
Տարածված սխալ պատկերացումներ
«GPS-ն ինձ հետևում է»։ Ոչ։ Արբանյակները միայն ազդանշան են ուղարկում և չգիտեն, թե որտեղ եք դուք։ Ձեր գտնվելու վայրն ուրիշներին հայտնի է դառնում միայն այն ժամանակ, երբ հեռախոսը կամ հավելվածը այն ուղարկում է ինտերնետով կամ բջջային ցանցով։ Այս մասին մանրամասն պատմել էի երկրորդ մասում։
«Անջատված հեռախոսն անհնար է գտնել»։ Ոչ միշտ։ Աջակցվող iPhone-ները կարելի է գտնել մինչև 24 ժամ, իսկ որոշ Pixel և Samsung հեռախոսներ՝ նույնպես անջատվելուց հետո։
«GPS-ի խցանող սարքն անվնաս է և պաշտպանում է իմ գաղտնիությունը»։ Ոչ։ Այն կարող է խանգարել ոչ միայն ձեր մեքենայի նավիգացիային, այլև շրջակա համակարգերին, այդ թվում՝ օդանավակայանի անվտանգության համակարգերին։
«Եթե մեքենան ունի eCall, այն անընդհատ հետևում է ինձ»։ Ոչ։ Օրենքով համակարգը տվյալներ է ուղարկում միայն վթարի կամ ձեռքով զանգի դեպքում։
«Արբանյակային կապով iPhone-ը կաշխատի ամենուր»։ Ոչ։ Ծառայությունը գործում է միայն որոշ երկրներում, չի տրամադրվում որոշ երկրներում գնված հեռախոսներին և կարող է չաշխատել 62-րդ զուգահեռականից հյուսիս, օրինակ՝ Ալյասկայի և Նորվեգիայի հյուսիսային մասերում։
Ինչ չեն անում այս տեխնոլոգիաները
Կարևոր է չգերագնահատել դրանք։ GPS-ն ինքնին որևէ մեկին չի ուղարկում ձեր գտնվելու վայրը։ Հեռախոս գտնելու ծառայությունները չեն օգնի, եթե նախապես միացված չեն եղել։ iPhone-ի արբանյակային գործառույթները տեքստային են. դրանցով ուղարկվում են հաղորդագրություններ և գտնվելու վայրը։ Իսկ Galileo-ի թվային ստորագրությունը չի պաշտպանում խցանումից. այն օգնում է բացահայտել կեղծումը, և միայն այն սարքերում, որոնք կարողանում են ստուգել ստորագրությունը։
Իսկ ինչ կասեք գաղտնիության մասին
Այստեղ կա տրամաբանական փոխզիջում։ Apple-ի տվյալներով՝ երբ Find My-ում արբանյակով կիսվում եք գտնվելու վայրով, այն գաղտնագրվում է այնպես, որ նույնիսկ Apple-ը չի կարող այն տեսնել։ Բայց երբ արբանյակով դիմում եք շտապ օգնությանը, ձեր գտնվելու վայրը փոխանցվում է Apple-ին և միջնորդ ծառայություններին, որպեսզի հաղորդագրությունը հասնի փրկարարներին։ Նույն սկզբունքով է աշխատում նաև eCall-ը. մեքենայի գտնվելու վայրն ուղարկվում է միայն այն ժամանակ, երբ օգնություն է պետք։ Արտակարգ իրավիճակում արագ օգնությունն ավելի կարևոր է, և դա արդարացված է։
Հետաքրքիր փաստեր
Անջատված iPhone-ը դեռ կարելի է գտնել։ Աջակցվող մոդելները մինչև 24 ժամ շարունակում են Bluetooth-ով ազդանշան հեռարձակել Find My ցանցի համար։
Երևանի օդային տարածքը EASA-ի ցանկում է։ 2026-ի հոկտեմբերի դրությամբ այն դեռ ընդգրկված է այն օդային տարածքների թվում, որտեղ օդանավերի մոտ արբանյակային նավիգացիայի ճշտության վատացում է գրանցվում։
Մեքենան կարող է ինքը շտապ օգնություն կանչել։ ԵՄ-ում 2018-ի մարտի 31-ից հետո թույլտվություն ստացած նոր մոդելները ծանր վթարի դեպքում ինքնաբերաբար զանգում են 112։
Galileo-ն իր ազդանշաններին ավելացնում է թվային ստորագրություն։ 2025-ի հուլիսից համատեղելի սարքերը կարող են ստուգել, որ նավիգացիոն տվյալներն իսկապես ուղարկվել են Galileo-ի կողմից։
Արբանյակով կարելի է նույնիսկ ճանապարհային օգնություն կանչել։ iPhone 14-ի և ավելի նոր մոդելների համար այս ծառայությունը երկու տարի անվճար է, բայց գործում է միայն որոշ երկրներում։
Ինչ ստուգել հենց այսօր
Ինչպես տեսաք, այս գործառույթները օգնում են միայն այն դեպքում, եթե դրանք նախապես միացված են։ Ահա թե ինչ կարող եք ստուգել հիմա՝ մի քանի րոպեում։
iPhone
- Settings-ում սեղմեք ձեր անվան վրա, անցեք Find My > Find My iPhone և համոզվեք, որ միացված են Find My iPhone-ը և Find My network-ը։
- Health հավելվածում լրացրեք Medical ID-ն և ավելացրեք արտակարգ իրավիճակների կոնտակտներ։
- Եթե ձեր iPhone-ն աջակցում է արբանյակային կապ, և դուք գտնվում եք այն երկրում, որտեղ ծառայությունը գործում է, փորձեք Satellite Connection Demo-ն։
Android
- Pixel-ում անցեք Settings > Security > Find Hub, համոզվեք, որ այն միացված է, և «Find your offline devices» բաժնում ընտրեք ձեզ հարմար տարբերակը։ Որոշ հեռախոսներում այս կարգավորումը գտնվում է Settings > Google > All services բաժնում։
- Հեռախոսի վրա դրեք PIN կոդ, նախշ կամ գաղտնաբառ. առանց դրա Find Hub-ը չի կարող գտնել ինտերնետին միացված չլինող հեռախոսը։
- Samsung-ում Settings-ում գտեք Find My Mobile-ը և միացրեք «Offline finding»-ը։
Ճանապարհորդելուց առաջ
- Ստուգեք, արդյոք այն երկիրը, ուր գնում եք, ներառված է արբանյակային ծառայությունների ցանկում։
- Եթե նոր iPhone կամ Apple Watch Ultra եք գնում, հաշվի առեք, թե որ երկրում եք գնում այն։
Իմ կարծիքը
Այս բաժինն իմ անձնական կարծիքն է։
Այս թեմայից ամենակարևոր եզրակացությունը, որ ես անում եմ, հետևյալն է. քարտեզի վրա ձեր կետը փաստ չէ, այլ հաշվարկ։ Հեռախոսը որոշում է իր դիրքը այն ազդանշանների հիման վրա, որոնք ստանում է, և եթե ազդանշանը խցանված է կամ կեղծ, հաշվարկը նույնպես սխալ կլինի։ Ուշադրություն դարձրեք, որ EASA-ն օդաչուներին խորհուրդ է տալիս միջամտության դեպքում ստուգել դիրքը արբանյակներից անկախ այլ միջոցներով։ Կարծում եմ՝ նույն սկզբունքը պետք է կիրառենք մենք էլ։ Եթե քարտեզը հանկարծ ցույց է տալիս, որ գտնվում եք այլ տեղում, կամ երթուղին տարօրինակ է թվում, մի՛ վստահեք կուրորեն։ Համեմատեք շրջապատի հետ, իսկ անծանոթ վայր կամ լեռներ մեկնելիս նախապես ներբեռնեք քարտեզը հեռախոսում, որպեսզի կապի խափանման դեպքում առանց ինտերնետի էլ կողմնորոշվեք։
Երկրորդ բանը, որի մասին քիչ են մտածում, այն է, որ գտնվելու վայրը հեշտ է կեղծել նաև հենց հեռախոսում։ Ինչպես տեսաք, Android-ում հատուկ հավելվածը կարող է մյուս հավելվածներին տալ իրականից տարբեր գտնվելու վայր։ Դրա համար ես խորհուրդ չեմ տա երբևէ վստահել ինչ-որ մեկի ուղարկած գտնվելու վայրին որպես ապացույցի՝ լինի դա անծանոթ մարդ, «առաքիչ», թե առցանց ծանոթություն։ Ուղարկված կետը ցույց է տալիս միայն այն, ինչ հեռախոսն է «ասել», ոչ թե այն, թե որտեղ է իրականում գտնվում մարդը։
Անջատված հեռախոսը գտնելու հնարավորությունն ինձ համար օգտակար, բայց երկսայրի գործիք է։ Կորած հեռախոսի տիրոջ համար դա իսկական փրկություն է, և ես անպայման խորհուրդ եմ տալիս այն միացնել։ Բայց կա մի բան, որի մասին գրեթե չեն խոսում. ձեր բոլոր սարքերի գտնվելու վայրը տեսնում է նա, ով մուտք ունի ձեր Apple կամ Google հաշվին։ Այսինքն՝ հեռախոսը գտնելու գործառույթի անվտանգությունը կախված է ձեր հաշվի անվտանգությունից։ Եթե հաշիվը պաշտպանված է միայն թույլ գաղտնաբառով, ապա այն, ինչ ստեղծված է ձեզ օգնելու համար, կարող է օգնել նաև ուրիշին հետևել ձեզ։ Դրա համար այս գործառույթը միացնելուն զուգահեռ միացրեք նաև երկքայլ նույնականացումը՝ ձեր հաշիվ մուտք գործելու լրացուցիչ հաստատումը, և մի՛ տվեք ձեր հաշվի գաղտնաբառը ոչ մեկին։
Ինչ վերաբերում է արբանյակային նավիգացիային միջամտություններին, կարծում եմ՝ դրանց թիվը կշարունակի աճել, և այս թեման կարևոր է նաև մեզ համար։ 2026-ի հոկտեմբերին էլ EASA-ի ցանկում է Երևանի օդային տարածքը, որտեղ օդանավերի մոտ գրանցվում է արբանյակային նավիգացիայի ճշտության վատացում։ Սա ցույց է տալիս, որ խնդիրը միայն հեռավոր երկրներինը չէ։ Լավ է, որ Galileo-ն արդեն ավելացրել է թվային ստորագրություն, որով կարելի է ստուգել ազդանշանի իսկությունը։ Բայց այս պաշտպանությունն աշխատում է միայն այն դեպքում, երբ հեռախոսն ինքը կարողանում է ստուգել այդ ստորագրությունը։ Իսկ թե որ հեռախոսներն են դա անում, պաշտոնական աղբյուրներում այսօր չկա։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս չվստահել քարտեզին հարյուր տոկոսով, հատկապես այն տարածքներում, որտեղ նման միջամտություններ են գրանցվում։ Եթե հեռախոսը ցույց է տալիս մի բան, որը չի համապատասխանում ձեր շրջապատին, ավելի շատ վստահեք ձեր աչքերին։
Եվ վերջապես, արբանյակային կապի մասին։ Սա տեխնոլոգիա է, որն իսկապես կարող է կյանք փրկել, բայց ես կզգուշացնեի այն համարել ապահովագրություն։ Այն աշխատում է միայն որոշ երկրներում, պահանջում է բաց երկինք և կարող է հաղորդագրությունն ուղարկել րոպեներ անց։ Իսկ Հայաստանում գնված iPhone-ները այն չեն ստանում նույնիսկ արտերկրում։ Դրա համար իմ խորհուրդն է՝ լեռներ կամ քիչ բնակեցված վայրեր մեկնելիս միշտ մեկին տեղեկացրեք ձեր երթուղու և վերադառնալու ժամի մասին, լիցքավորեք հեռախոսը և լրացուցիչ մարտկոց վերցրեք։ Իսկ եթե նոր սմարթֆոն կամ ժամացույց եք գնում և հաճախ եք ճանապարհորդում, նախապես ստուգեք, թե որ երկրում գնված սարքն ունի արբանյակային կապ։ Տեխնոլոգիան օգնում է, բայց միայն այն դեպքում, երբ գիտենք նրա սահմանները։
Աղբյուրներ
Ինչպես է աշխատում GPS-ը
- Penn State University, GEOG 862. GPS and GNSS for Geospatial Professionals
Խցանում և կեղծում
- EASA. Safety Information Bulletin SIB 2022-02R4, 2026-ի հուլիսի 3
- EASA. EASA updates Safety Information Bulletin on GNSS interference
- EASA. Global Navigation Satellite System (GNSS) Outages and Alterations (խցանման և կեղծման սահմանումները, ազդակիր օդային տարածքների ցանկը, 2026-ի հոկտեմբերի 14-ի տվյալներ)
- IATA. Safety Risk Assessment – GNSS Radio Frequency Interference, Version 6, 2026-ի փետրվար
- ICAO. Protect satellite navigation from interference, UN agencies urge, 2025-ի մարտի 25
- ICAO Asia and Pacific Office. Asia Pacific Regional Guidance for GNSS and Datalink, Version 1.0, 2026-ի օգոստոս
- GPS.gov. Information About GPS Jamming
- FCC. Order FCC 13-106
- Android Open Source Project. Compatibility Test Suite setup (Developer options > Allow mock locations)
- EUSPA. Galileo Open Service Navigation Message Authentication (OSNMA)
- European GNSS Service Centre. Celebrating one year of Galileo OSNMA, 2026-ի հուլիս
- ESA. Galileo vs. spoofing: ESA tests in real-world environments
Անջատված հեռախոսի որոնում
- Apple Support. Locate a device in Find My on Mac
- Apple Newsroom. Apple introduces new AirTag with expanded range and improved findability (Find My ցանցի նկարագրություն), 2026-ի հունվարի 26
- Android Help. Be ready to find a lost Android device
- Samsung Support. Use SmartThings Find with the SmartThings App
Արբանյակային կապ
- Apple Support. Connect to a satellite with your iPhone, 2026-ի սեպտեմբերի 30
- Apple Support. Use Emergency SOS via satellite on your iPhone, 2026-ի հոկտեմբերի 5
- Apple Support. Use Emergency SOS via satellite on your Apple Watch Ultra 3
- Apple Support. Connect to a satellite with your Apple Watch Ultra 3
- Apple Support. Use Roadside Assistance via satellite on your iPhone
- Pixel Phone Help. Get emergency help through satellite with your Pixel phone
- Google Account Help. Share your location via satellite
Մեքենաներ
- Your Europe (Եվրոպական միություն). eCall 112-based emergency assistance from your vehicle
- EUSPA. eCall one step closer to providing Europe with more efficient emergency services
Ինչպե՞ս էր հոդվածը
Եղիր առաջինը, ով կարձագանքի
Հավանեցի՞ր հոդվածը
Կիսվիր ընկերներիդ հետ
Միացիր Parz Tech-ի Telegram ալիքին
Նոր հոդվածների մասին կիմանաս առաջինը՝ անմիջապես Telegram-ում։