Ո՞վ գիտի, թե որտեղ եք դուք
Ո՞վ գիտի, թե որտեղ եք դուք՝ հավելվածնե՞րը, Google-ը, Apple-ը, բջջային օպերատորը, ձեր մեքենա՞ն, թե՞ փողոցի տեսախցիկը։ Պատմում եմ, թե ով և ինչպես է ստանում ձեր գտնվելու վայրի տվյալները, ինչ փոխվեց 2026-ին, ինչ են ասում տարբեր երկրների օրենքները, և ինչպես վերահսկել դա ինքներդ։ Տեղորոշման մասին հոդվածաշարի երկրորդ մասը։
Թամարա Մարտիրոսյան
Տեղորոշման մասին հոդվածաշարի երկրորդ մասը
Առաջին մասում պատմեցի, թե ինչպես է հեռախոսը որոշում ձեր գտնվելու վայրը։ Այժմ ավելի կարևոր հարցն է՝ ո՞վ է իմանում այդ տեղեկությունը։ Ձեր գտնվելու վայրի մասին տվյալներ կարող են ստանալ հավելվածները, Apple-ը կամ Google-ը, բջջային օպերատորը, ձեր մեքենան արտադրող ընկերությունը, փողոցի տեսախցիկները, ինչպես նաև ընկերություններ, որոնց անունն անգամ չեք լսել։
Այս հոդվածում պատմում եմ, թե ով և ինչպես է ստանում այդ տվյալները, ինչ փոխվեց 2026-ին, ինչ են ասում տարբեր երկրների օրենքները, և ինչպես վերահսկել դա ինքներդ։
Ինչու են գտնվելու վայրի տվյալները հատուկ
Գտնվելու վայրի մեկ նշումը քիչ բան է ասում։ Բայց տեղաշարժերի պատմությունը կարող է ցույց տալ, թե որտեղ եք ապրում և աշխատում, ում հետ եք հանդիպում, և երբ եք գնում բժշկի։
Դրա համար շատ երկրներ այս տվյալները պաշտպանում են առանձին կանոններով։ Չինաստանի «Անձնական տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքում մարդու տեղաշարժերն ուղղակիորեն նշված են զգայուն տեղեկատվության թվում, և դրանք մշակելու համար պահանջվում է մարդու առանձին համաձայնությունը]։ Հարավային Կորեայում կա նույնիսկ առանձին օրենք գտնվելու վայրի տվյալների մասին։ Այն արգելում է առանց մարդու համաձայնության հավաքել, օգտագործել կամ փոխանցել նրա գտնվելու վայրի տվյալները՝ բացի փրկարարական և օրենքով նախատեսված դեպքերից։ Իսկ եթե ծառայությունը մարդու խնդրանքով նրա տվյալները փոխանցում է նրա նշած կազմակերպությանը կամ անձին, որպես կանոն, ամեն անգամ պետք է անմիջապես տեղեկացնի, թե ում, երբ և ինչ նպատակով են դրանք տրվել։
Apple-ը և Google-ը. ինչ են իմանում Wi-Fi ցանցերի մասին
Առաջին մասում նշել էի, որ շենքի ներսում հեռախոսը ձեր գտնվելու վայրը որոշում է մոտակա Wi-Fi ցանցերի օգնությամբ։ Բայց որպեսզի դա աշխատի, ինչ-որ մեկը պետք է նախապես իմանա, թե որտեղ է գտնվում յուրաքանչյուր Wi-Fi ցանց։ Այդ տվյալները հավաքում են հենց մեր հեռախոսները։
Apple. Ըստ Apple-ի՝ iPhone-ը պարբերաբար Apple-ին է ուղարկում մոտակա Wi-Fi ցանցերի և բջջային աշտարակների գտնվելու վայրը՝ անանուն և գաղտնագրված ձևով։ Ընկերությունը նշում է, որ այս տվյալները ձեր անձը չեն բացահայտում։
Google. Android հեռախոսներում այս գործառույթը կոչվում է Google Location Accuracy։ Google-ի բացատրությամբ՝ այն պարբերաբար հավաքում է մոտակա Wi-Fi ցանցերի, բջջային աշտարակների և հեռախոսի սենսորների տվյալներ։ Դրանք նշվում են պատահական, ժամանակավոր և անընդհատ փոխվող նույնացուցիչներով, որոնք կապված չեն ոչ կոնկրետ մարդու, ոչ էլ հաշվի հետ։ Եթե անջատեք «Improve Location Accuracy» կարգավորումը, հեռախոսը կօգտագործի միայն GPS-ը և սենսորները, բայց շենքի ներսում ձեր դիրքը կարող է ավելի քիչ ճշգրիտ որոշվել։
Ձեր տան Wi-Fi-ն էլ կարող է հայտնվել այդ բազայում։ Google-ի տվյալներով՝ բավական է ցանցի անվան վերջում ավելացնել «_nomap» (օրինակ՝ «Home»-ի փոխարեն գրել «Home_nomap»), և ձեր ցանցը չի օգտագործվի Google-ի տեղորոշման ծառայություններում։ Անունը փոխելուց հետո ձեր սարքերը պետք է նորից միացնեք ցանցին։
Հավելվածները. ճշգրիտ, թե մոտավոր գտնվելու վայր
Հավելվածը ձեր գտնվելու վայրն իմանում է միայն այն դեպքում, եթե թույլ եք տվել։ Բայց կարևոր է ոչ միայն այն, թե թույլ տվել եք, թե ոչ, այլև ինչպես եք թույլ տվել։
iPhone. Յուրաքանչյուր հավելվածի համար կարող եք ընտրել չորս տարբերակից մեկը. «Never» (երբեք), «Ask Next Time Or When I Share» (հարցնել հաջորդ անգամ կամ երբ ինքս կիսվեմ), «While Using the App» (միայն հավելվածն օգտագործելիս) և «Always» (միշտ)։ iOS 14-ից սկսած կա նաև «Precise Location» կարգավորումը։ Եթե այն անջատեք, հավելվածը կստանա ոչ թե ձեր ճշգրիտ դիրքը, այլ մոտավոր տարածքը։
Android. Այստեղ նույնպես չորս տարբերակ կա. «Allow all the time» (միշտ), «Allow only while using the app» (միայն հավելվածն օգտագործելիս), «Ask every time or allow when you share» (հարցնել ամեն անգամ կամ երբ ինքս կիսվեմ) և «Don’t allow» (չթույլատրել)։ Google-ի բացատրությամբ՝ մոտավոր գտնվելու վայրը հավելվածին ցույց է տալիս միայն այն, որ դուք գտնվում եք մոտ 3 քառակուսի կիլոմետր տարածքում։
Ինչ փոխեց Android 17-ը։ 2026-ի մարտին Google-ը ներկայացրեց Android 17-ի տեղորոշման գաղտնիության նոր գործառույթները, իսկ հունիսին սկսեց թողարկել նոր տարբերակը.
- Երբ որևէ հավելված, որը համակարգի մաս չէ, օգտագործում է ձեր գտնվելու վայրը, էկրանին հայտնվում է մշտական նշան, ինչպես տեսախցիկի և խոսափողի դեպքում։ Սեղմելով այն՝ կտեսնեք, թե որ հավելվածներն են վերջերս օգտագործել ձեր գտնվելու վայրը, և անմիջապես կարող եք փոխել դրանց թույլտվությունները։
- Մոտավոր գտնվելու վայրն այլևս չի որոշվում ֆիքսված ցանցով։ Տարածքի չափը կախված է այնտեղ բնակվող մարդկանց թվից. քաղաքում այն ավելի փոքր է, իսկ քիչ բնակեցված վայրերում՝ ավելի մեծ։ Այսպես մարդուն ավելի դժվար է գտնել այնտեղ, որտեղ քիչ մարդ է ապրում։
- Հավելվածները կարող են ավելացնել հատուկ կոճակ, որով ճշգրիտ գտնվելու վայրը տրվում է միայն տվյալ օգտագործման ընթացքում՝ մինչև հավելվածը փակելը։
Ինչպես ստուգել, թե ով է օգտագործել ձեր գտնվելու վայրը։ iPhone-ում, երբ որևէ հավելված օգտագործում է ձեր գտնվելու վայրը, էկրանի վերևում կամ Control Center-ում հայտնվում է սլաքի նշան [2]։ Android 12-ում և ավելի նոր տարբերակներում կա գաղտնիության վահանակ (Privacy dashboard), որը ցույց է տալիս, թե որ հավելվածներն են օգտագործել ձեր գտնվելու վայրը. Android 12-ում՝ վերջին 24 ժամվա, իսկ Android 13-ից սկսած՝ վերջին 7 օրվա ընթացքում։
Եվրոպայի որոշումը. 403 միլիոն եվրո Google-ին
2026-ի սեպտեմբերի 21-ին Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը, որը Եվրամիությունում Google-ի գլխավոր վերահսկողն է, ընկերությանը 403 միլիոն եվրոյի տուգանք նշանակեց գտնվելու վայրի տվյալների մշակման համար։ Հետաքննությունը սկսվել էր 2020-ի փետրվարին՝ եվրոպական սպառողական կազմակերպությունների բողոքներից հետո։ Այն վերաբերում էր 2018-ի մայիսի 25-ից մինչև 2020-ի փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածին։
Հանձնաժողովը պարզեց, որ Google-ը՝
- Web & App Activity և Location History կարգավորումներում գտնվելու վայրի տվյալները մշակել է ոչ օրինական և ոչ արդար կերպով,
- օգտատերերին բավականաչափ թափանցիկ չի տեղեկացրել, թե ինչպես է օգտագործում նրանց գտնվելու վայրի տվյալները,
- այդ երկու կարգավորումներով հավաքված տվյալները պահել է անհրաժեշտից ավելի երկար։
Հանձնակատարի տեղակալ Գրեհեմ Դոյլը նշել է, որ մարդիկ կարող էին չիմանալ, որ իրենց գտնվելու վայրն օգտագործվում է իրենց հետաքրքրությունները որոշելու և գովազդով իրենց վրա ազդելու համար։ Google-ը պետք է վեց ամսվա ընթացքում իր աշխատանքը համապատասխանեցնի օրենքին։ Ընկերությունն իր հերթին հայտարարել է, որ 2019-ից ի վեր զգալիորեն փոխել է իր մոտեցումները և ներդրել գործիքներ, որոնք հեշտացնում են գտնվելու վայրի տվյալների կառավարումը։
Բջջային օպերատորը. ձեզ միշտ «տեսնում» է
Ձեր հեռախոսը միշտ կապ ունի մոտակա բջջային աշտարակների հետ, և այդ կապի միջոցով օպերատորը կարող է որոշել, թե որտեղ եք գտնվում։ Դա տեղի է ունենում անկախ նրանից, թե ձեր հեռախոսում տեղորոշումը միացված է, թե ոչ։
Apple-ի նոր կարգավորումը։ 2026-ին Apple-ը ներկայացրեց «Limit Precise Location» կարգավորումը, որը սահմանափակում է այն տեղեկությունը, որով բջջային ցանցը կարող է որոշել ձեր գտնվելու վայրը։ Apple-ի բացատրությամբ՝ այս դեպքում ցանցը կարող է որոշել միայն ընդհանուր տարածքը, օրինակ՝ թաղամասը, այլ ոչ թե ճշգրիտ հասցեն։ Ընկերության խոսքով՝ կարգավորումը չի ազդում կապի որակի վրա։ Բայց կան սահմանափակումներ.
- Կարգավորումն աշխատում է միայն iPhone Air-ում, iPhone 16e-ում, iPhone 17e-ում և բջջային կապով iPad Pro-ում (M5)։
- Այն ինքնաբերաբար միացված է միայն որոշ օպերատորների մոտ՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Թաիլանդում և Մեծ Բրիտանիայում։ ԵՄ-ի կամ Մեծ Բրիտանիայի մյուս օպերատորների SIM քարտ ունենալու դեպքում այն կարող եք միացնել ինքներդ։ Apple-ի ցանկում հայկական օպերատորներ չկան։
- Այն չի ազդում այն տվյալների վրա, որոնք փոխանցվում են շտապ օգնության զանգերի ժամանակ, և չի փոխում այն, ինչով կիսվում եք հավելվածներում, օրինակ՝ Find My-ում։
Ինչ պատահեց ԱՄՆ-ում։ ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովի (FCC) տվյալներով՝ մինչև 2019-ը ԱՄՆ-ի խոշորագույն օպերատորները միջնորդների միջոցով այլ ընկերություններին էին վաճառում իրենց հաճախորդների գտնվելու վայրի տվյալները։ 2024-ին FCC-ն AT&T-ին, Sprint-ին, T-Mobile-ին և Verizon-ին ընդհանուր առմամբ գրեթե 200 միլիոն դոլարի տուգանք նշանակեց [26]։ AT&T-ն և Verizon-ը վիճարկեցին տուգանքները՝ պնդելով, որ նման տուգանք կարելի էր նշանակել միայն երդվյալ ատենակալների դատարանում։ 2026-ի հունիսի 4-ին ԱՄՆ Գերագույն դատարանը 8 կողմ և 1 դեմ ձայնով մերժեց այդ փաստարկը։ Դատարանի բացատրությամբ՝ ընկերությունը կարող է հրաժարվել վճարելուց, և այդ դեպքում պետությունը պետք է դիմի դատարան, որտեղ ընկերությունն արդեն կարող է պահանջել երդվյալ ատենակալներ։
Ոչ միայն հեռախոսը
Մեքենաները։ Ժամանակակից մեքենաներից շատերը միացված են ինտերնետին և կարող են տվյալներ հավաքել այն մասին, թե ուր և ինչպես եք վարում։ 2026-ի հունվարի 14-ին ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը (FTC) վերջնականապես հաստատեց իր որոշումը General Motors-ի և նրա OnStar ծառայության վերաբերյալ։ FTC-ի պնդմամբ՝ ընկերությունը միլիոնավոր մեքենաներից հավաքում էր ճշգրիտ գտնվելու վայրի և վարելու ոճի տվյալներ և առանց վարորդների համաձայնության վաճառում դրանք այլ ընկերությունների։
Որոշման համաձայն՝ հինգ տարի GM-ը չի կարող այդ տվյալները փոխանցել այն ընկերություններին, որոնք մարդկանց մասին հաշվետվություններ են պատրաստում, օրինակ՝ վարկային կամ ապահովագրական նպատակներով։ Իսկ որոշման ողջ գործողության ընթացքում՝ 20 տարի, ընկերությունը պետք է վարորդի համաձայնությունը ստանա նախքան տվյալներ հավաքելը։ Վարորդները պետք է կարողանան պահանջել իրենց տվյալների պատճենը և դրանց ջնջումը, ինչպես նաև անջատել ճշգրիտ գտնվելու վայրի հավաքումը, եթե մեքենան դրա տեխնիկական հնարավորությունն ունի։
Խելացի ժամացույցներն ու մարզական հավելվածները։ Apple-ի բացատրությամբ՝ Apple Watch-ը կարող է օգտագործել մոտակայքում գտնվող iPhone-ի գտնվելու վայրը։ Ժամացույցով կամ հեռախոսով գրանցված վազքի, քայլքի կամ հեծանվային երթուղիները նույնպես գտնվելու վայրի տվյալներ են։ Եթե դրանք հրապարակային են, երթուղու սկիզբն ու վերջը կարող են ցույց տալ, թե որտեղ եք ապրում։
Bluetooth որոնիչները։ AirTag-ի և նման փոքր սարքերի նպատակն է օգնել գտնել կորած բանալիները կամ ճամպրուկը։ Բայց դրանք կարող են օգտագործվել նաև մարդկանց գաղտնի հետևելու համար։ Դրա համար Apple-ը և Google-ը միասին ստեղծել են ստանդարտ, որով թե՛ iPhone-ը, թե՛ Android-ը զգուշացնում են, եթե անծանոթ որոնիչը շարժվում է ձեզ հետ։ iPhone-ում այն աշխատում է iOS 17.5-ից, իսկ Android-ում՝ Android 6.0-ից սկսած։
2026-ի հունվարին Apple-ը ներկայացրեց նոր AirTag-ը։ Ընկերությունը նշեց, որ Find My ցանցի հետ դրա բոլոր կապերը պաշտպանված են ծայրից ծայր գաղտնագրությամբ, իսկ AirTag-ն ինքը չի պահում գտնվելու վայրի պատմությունը։ Apple-ի խոսքով՝ ոչ ոք, այդ թվում նաև Apple-ը, չգիտի այն սարքերի ինքնությունը կամ գտնվելու վայրը, որոնք օգնել են գտնել կորած իրը։
Եթե զգուշացում եք ստանում, Apple-ը խորհուրդ է տալիս միացնել որոնիչի ձայնը կամ փնտրել այն ձեր իրերում և մեքենայում։ Եթե վտանգ եք զգում, գնացեք մարդաշատ վայր և դիմեք ոստիկանություն։ Որոնիչն անջատելուց առաջ էկրանի նկար արեք դրա տվյալներով, քանի որ դրանք կարող են օգտակար լինել ոստիկանության համար։
IP հասցեն։ Ինտերնետին միացած յուրաքանչյուր սարք ունի իր հասցեն, որը կոչվում է IP հասցե։ Mozilla-ն նշում է, որ բրաուզերի մասնավոր ռեժիմը չի թաքցնում ոչ այդ հասցեն, ոչ էլ ձեր գտնվելու վայրը։ Այսինքն՝ կայքերը կարող են մոտավորապես իմանալ, թե որտեղ եք, նույնիսկ եթե ձեր հեռախոսում տեղորոշումն անջատված է։
Լուսանկարները։ Apple-ի բացատրությամբ՝ եթե տեսախցիկն օգտագործում է ձեր գտնվելու վայրը, յուրաքանչյուր լուսանկարի և տեսանյութի մեջ գրանցվում են այն վայրի կոորդինատները, որտեղ դրանք արվել են։ Եթե այդպիսի լուսանկար ուղարկեք մեկին, նա կարող է իմանալ, թե որտեղ է այն արվել։ iPhone-ում լուսանկարն առանց գտնվելու վայրի ուղարկելու համար ընտրեք այն, սեղմեք Share կոճակը, ապա «Options» և անջատեք «Location»-ը։
Տեսախցիկները. երբ ձեզ գտնում են առանց հեռախոսի
Մինչև հիմա խոսում էինք այն տվյալների մասին, որոնք ստեղծում են մեր սարքերը։ Բայց կա ևս մեկ աղբյուր, որը մենք չենք վերահսկում՝ փողոցների, շենքերի և հաստատությունների տեսախցիկները։ Տեսախցիկը չգիտի ձեր անունը, բայց գիտի, թե որտեղ և երբ է արվել տեսագրությունը։ Եթե տեսագրությունից հնարավոր է պարզել, թե ով եք, այն դառնում է ձեր գտնվելու վայրի մասին տեղեկություն, նույնիսկ եթե հեռախոսը տանն եք թողել։ Դեմքի ճանաչման համակարգերն այդ աշխատանքն անում են ավտոմատ. դրանք տեսախցիկի պատկերը համեմատում են լուսանկարների բազայի հետ և փորձում որոշել, թե ով է մարդը։
Ինչ է ասում Հայաստանի օրենքը։ «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն՝
- Ոստիկանությունը կարող է պահանջել և ստանալ տեսագրություններ պետական մարմիններից, համայնքներից, պետական և համայնքային կազմակերպություններից, տեսախցիկներով հսկվող ավտոկայանատեղերից, օդանավակայաններից, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտի և շտապ օգնության ոլորտների լիազոր մարմիններից։ Ոստիկանությունը կարող է հասանելիություն ունենալ նաև այդ շենքերի դրսի կողմում տեղադրված տեսախցիկներին, այդ թվում՝ կենդանի պատկերը դիտելու հնարավորությամբ։ Այդ կառույցները պետք է տեսագրությունները պահեն առնվազն 15 օր։
- Տեսախցիկներով մարդուն նույնականացնել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է հանցագործություն կամ վարչական իրավախախտում։ Համակարգ մուտք գործելու յուրաքանչյուր դեպք գրանցվում է՝ ծառայողի տվյալներով և մուտքի նպատակով։ Ներբեռնված յուրաքանչյուր տեսանյութի վրա դրվում են ներբեռնման ամսաթիվը, ժամը և «Ներքին գործերի նախարարություն» ջրանշանը։
- Եթե ոստիկանությունը փողոցներում տեղադրում է անշարժ տեսախցիկներ, այդ մասին պետք է զգուշացնի տեսանելի ցուցանակներով։ Բացի այդ, վերահսկվող փողոցների հասցեները կամ տարածքների նկարագրությունը պետք է հրապարակվեն ոստիկանության պաշտոնական կայքում։
- Ոստիկանների համազգեստին ամրացված կամ ձեռքի տեսախցիկները կարող են իրական ժամանակում համեմատել տեսադաշտում հայտնված դեմքերը հետախուզվող անձանց բազայի հետ։ Օրենքի համաձայն՝ մյուս մարդկանց պատկերն այս դեպքում չի պահպանվում և չի մշակվում։ Ոստիկանության այսպիսի տեսանյութերը, որպես կանոն, ոչնչացվում են յոթ օր հետո, եթե դրանցում իրավախախտում չի գրանցվել, և դրանք պահելու այլ հիմք չկա։
Եթե ձեզ տեսագրել է որևէ կազմակերպություն, կարող եք դիմել նրան։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ուղեցույցի համաձայն՝ տեսահսկում իրականացնողը գրավոր հարցումից հետո հինգ օրվա ընթացքում պետք է տրամադրի ձեր մասին տեղեկությունները՝ առանց այլ մարդկանց անձնական տվյալների։
Եվրոպա։ 2025-ի փետրվարի 2-ից ՍԻ-ի մասին ԵՄ կանոնակարգը (AI Act) հանրային վայրերում արգելում է իրավապահներին իրական ժամանակում մարդկանց նույնականացնել դեմքի ճանաչման համակարգերով։ Բացառությունները երեքն են.
- կոնկրետ զոհերի կամ անհետ կորածների որոնում,
- կոնկրետ և անմիջական ահաբեկչական սպառնալիքի կանխում,
- ծանր հանցագործության կասկածյալի որոնում։
Ամեն դեպքում նախապես պահանջվում է դատարանի կամ անկախ մարմնի թույլտվություն։
Մեծ Բրիտանիա։ Այստեղ ոստիկանությունն արդեն օգտագործում է կենդանի դեմքի ճանաչում. տեսախցիկի պատկերը համեմատվում է հետախուզվողների ցուցակի հետ։ 2025-ի դեկտեմբերին Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկում սկսեց այս տեխնոլոգիայի համար նոր իրավական կանոններ ընդունելու մասին։
Չինաստան։ 2025-ի հունիսի 1-ից գործում են դեմքի ճանաչման կիրառման կանոններ։ Դրանց համաձայն՝ նման սարքեր հանրային վայրերում կարելի է տեղադրել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության համար, և պետք է տեսանելի ցուցանակներով զգուշացնել մարդկանց։ Արգելվում է դրանք տեղադրել հյուրանոցային սենյակներում, հանրային զուգարաններում և հանդերձարաններում։ Եթե մարդը չի համաձայնում դեմքով իր ինքնությունը հաստատել, նրան պետք է առաջարկվի այլ տարբերակ։
ԱՄՆ։ 2023-ի դեկտեմբերին FTC-ն Rite Aid դեղատների ցանցին հինգ տարով արգելեց հսկողության նպատակով օգտագործել դեմքի ճանաչում։ FTC-ի պնդմամբ՝ 2012–2020 թվականներին ընկերության խանութներում օգտագործվող համակարգը սխալմամբ «ճանաչում» էր անմեղ գնորդներին որպես գողության կասկածյալներ, իսկ գնորդներին չէին տեղեկացնում այդ համակարգի մասին։ Rite Aid-ը համաձայն չէր մեղադրանքների հետ և նշեց, որ խոսքը սահմանափակ թվով խանութներում փորձնական ծրագրի մասին էր։
Տվյալների միջնորդները
Կան ընկերություններ, որոնց հիմնական գործը մարդկանց մասին տվյալներ հավաքելն ու վաճառելն է։ Դրանք կոչվում են տվյալների միջնորդներ (data broker)։ Նրանք տվյալները հաճախ ստանում են ոչ թե ձեզանից, այլ այլ ընկերություններից։
2026-ի մայիսի 4-ին FTC-ն հայտարարեց Kochava տվյալների միջնորդի և նրա դուստր ընկերության հետ համաձայնության մասին։ FTC-ի պնդմամբ՝ Kochava-ն վաճառում էր հարյուր միլիոնավոր հեռախոսների գտնվելու վայրի տվյալներ, որոնցով կարելի էր հետևել մարդկանց տեղաշարժերին։ Այդ տվյալները ցույց էին տալիս նաև այցելություններ բուժհաստատություններ, աղոթատեղիներ և այլ զգայուն վայրեր, իսկ մարդիկ, FTC-ի խոսքով, չգիտեին այդ մասին և համաձայնություն չէին տվել։
Որոշման նախագծի համաձայն՝ ընկերություններին արգելվում է վաճառել զգայուն վայրերի տվյալներ առանց մարդու ուղղակի համաձայնության։ Նրանք պետք է կազմեն նման վայրերի ցանկ և արգելափակեն դրանց տվյալները, իսկ մարդիկ իրավունք կունենան իմանալու, թե ում են վաճառվել իրենց տվյալները, և ցանկացած պահի կկարողանան հետ վերցնել իրենց համաձայնությունը։ FTC-ի խոսքով՝ նման որոշումն օրենքի ուժ է ստանում դատարանի հաստատումից հետո։
Որտեղ է պահվում ձեր տեղաշարժերի պատմությունը
Google Maps Timeline. Google Maps-ի «Timeline» բաժինը պահում է այն վայրերը, որտեղ եղել եք, և այն երթուղիները, որոնցով անցել եք։ Google-ի տվյալներով՝ այն բոլոր հաշիվներում անջատված է, քանի դեռ ինքներդ չեք միացրել։ Այժմ Timeline-ը պահվում է հենց ձեր հեռախոսում, իսկ եթե միացնեք պահուստային պատճենը, Google-ն իր սերվերներում պահում է դրա գաղտնագրված պատճենը։ Կարող եք ընտրել, որ տվյալներն ինքնաբերաբար ջնջվեն 3, 18 կամ 36 ամիս հետո։
Apple. iPhone-ը հիշում է այն վայրերը, որտեղ հաճախ եք լինում։ Ըստ Apple-ի՝ այդ տվյալները ձեր սարքերի միջև համաժամեցվում են ծայրից ծայր գաղտնագրությամբ, և Apple-ը չի կարող դրանք կարդալ։
Տարածված սխալ պատկերացումներ
«Եթե անջատեմ տեղորոշումը, ոչ ոք չի իմանա, թե որտեղ եմ»։ Ոչ։ Տեղորոշումն անջատելով՝ արգելում եք հավելվածներին օգտագործել ձեր գտնվելու վայրը։ Բայց բջջային ցանցը դեռ կարող է որոշել, թե որտեղ եք, իսկ կայքերը կարող են իմանալ ձեր մոտավոր գտնվելու վայրը IP հասցեով։
«Եթե հեռախոսս տանը թողնեմ, ոչ ոք չի իմանա, թե որտեղ եմ»։ Ոչ միշտ։ Փողոցների և հաստատությունների տեսախցիկները տեսագրում են անկախ նրանից, թե ձեզ մոտ հեռախոս կա, թե ոչ, իսկ դեմքի ճանաչման համակարգերը կարող են պարզել, թե ով է տեսագրության մեջ։
«Իմ գտնվելու վայրը գիտի միայն հեռախոսս»։ Ոչ միայն։ Տվյալներ կարող են հավաքել նաև ինտերնետին միացված մեքենաներն ու խելացի ժամացույցները, իսկ ձեր լուսանկարները կարող են պարունակել այն վայրի կոորդինատները, որտեղ դրանք արվել են։
«Մեծ ընկերությունները միշտ ճիշտ են վարվում իմ տվյալների հետ»։ Ոչ միշտ։ 2026-ին Եվրոպայում Google-ը տուգանվեց 403 միլիոն եվրոյով, իսկ ԱՄՆ-ում խոշորագույն բջջային օպերատորները, General Motors-ը և տվյալների միջնորդները պատասխանատվության ենթարկվեցին գտնվելու վայրի տվյալների համար։
«Լուսանկար ուղարկելիս ուղարկում եմ միայն նկարը»։ Ոչ միշտ։ Եթե գտնվելու վայրը չեք անջատել, լուսանկարի հետ կարող են ուղարկվել նաև այն վայրի կոորդինատները, որտեղ այն արվել է։
Կարևոր բացառություն. շտապ օգնության զանգերը
Կա մի դեպք, երբ ձեր գտնվելու վայրը փոխանցվում է նույնիսկ այն ժամանակ, երբ տեղորոշումն անջատված է։ Եվ սա արվում է ձեր անվտանգության համար։
Android. Google-ի Emergency Location Service-ը ձեր գտնվելու վայրն ուղարկում է միայն այն ժամանակ, երբ զանգում կամ գրում եք շտապ օգնության համարին։ Տեղեկությունն անմիջապես ուղարկվում է շտապ օգնության ծառայություններին, և Google-ի խոսքով՝ ընկերությունն ինքը այդ տվյալները չի ստանում։ Եթե տեղորոշումն անջատված է, համակարգը ժամանակավորապես միացնում է այն միայն զանգի ընթացքում, իսկ հետո վերականգնում է ձեր կարգավորումը։ Google-ի տվյալներով՝ ծառայությունն ամբողջությամբ գործում է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայի երկրների մեծ մասում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։
iPhone. Apple-ը նշում է, որ շտապ օգնության զանգի ժամանակ ձեր գտնվելու վայրը կարող է օգտագործվել օգնությունն արագացնելու համար՝ անկախ նրանից, թե տեղորոշումը միացված է, թե ոչ։
Հարավային Կորեա. Գտնվելու վայրի մասին օրենքը թույլ է տալիս մարդուն, նրա ամուսնուն, մինչև երկրորդ աստիճանի արյունակից ազգականին կամ անչափահասի խնամակալին դիմել փրկարարներին, եթե մարդու կյանքին կամ առողջությանը սպառնում է վտանգ։ Այդ դեպքում փրկարարները կարող են ստանալ նրա գտնվելու վայրը։ Օրենքն ուղղակիորեն արգելում է այս հնարավորությունն օգտագործել այլ նպատակով։
Հետաքրքիր փաստեր
Շտապ օգնության համար հեռախոսը շատ ավելի ճշգրիտ է, քան աշտարակները։ Google-ը, հղում անելով 2016–2017 թվականների եվրոպական HELP112 զեկույցին, նշում է, որ Emergency Location Service-ը կարող է մինչև 3000 անգամ ավելի ճշգրիտ լինել, քան բջջային աշտարակներով որոշված դիրքը։ Մեծ Բրիտանիայում անցկացված փորձարկման ժամանակ աշտարակներով մարդուն կարելի էր փնտրել 3 կիլոմետր շառավղով տարածքում, իսկ այս ծառայության դեպքում արդյունքների կեսից ավելին 20 մետրից ավելի ճշգրիտ էր։
WhatsApp-ով զանգը շտապ օգնությանը ձեր գտնվելու վայրը չի ուղարկի։ Google-ի տվյալներով՝ Emergency Location Service-ն աշխատում է միայն հեռախոսի ստանդարտ զանգերի հավելվածով։ WhatsApp-ով, Skype-ով կամ նման հավելվածներով շտապ օգնության համար հավաքելիս գտնվելու վայրն ավտոմատ չի փոխանցվի։
Գտնվելու վայրը որոշվում է վայրկյանների ընթացքում։ Google-ի տվյալներով՝ զանգը սկսելուց հետո ծառայությունը միջինում 3–4 վայրկյանում է որոշում առաջին գտնվելու վայրը։
Ոստիկանությունը պետք է հրապարակի, թե որ փողոցներն են տեսահսկվում։ Հայաստանի օրենքով՝ ոստիկանության անշարժ տեսախցիկներով վերահսկվող փողոցների հասցեները կամ տարածքների նկարագրությունը պետք է հրապարակվեն ոստիկանության պաշտոնական կայքում։
Կորեայում սարք վաճառողը պետք է զգուշացնի գնորդին։ Օրենքի համաձայն՝ նա, ով վաճառում, վարձով տալիս կամ փոխանցում է գտնվելու վայր հավաքող սարքով իր, պարտավոր է այդ մասին տեղեկացնել նոր տիրոջը։ Իսկ 14 տարեկանից փոքր երեխաների գտնվելու վայրի տվյալները հավաքելու համար պահանջվում է ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը։
Timeline-ն անջատելը դեռ ամեն ինչ չէ։ Google-ի բացատրությամբ՝ եթե միացված են այլ կարգավորումներ, օրինակ՝ Web & App Activity-ն, ձեր հաշվում կարող են պահվել ձեր մոտավոր տարածքի և IP հասցեի մասին տվյալներ նույնիսկ Timeline-ն անջատելուց հետո։
Ինչպես ստուգել ձեր կարգավորումները
iPhone
- Settings > Privacy & Security > Location Services բաժնում ստուգեք յուրաքանչյուր հավելվածի թույլտվությունը։
- Այն հավելվածների համար, որոնց ճշգրիտ դիրքը պետք չէ, անջատեք «Precise Location»-ը։ Նույն բաժնի System Services մասում կարող եք մեկ առ մեկ անջատել այն համակարգային ծառայությունները, որոնք ձեզ պետք չեն։
- Settings > Notifications բաժնում համոզվեք, որ միացված են «Tracking Notifications»-ը, որոնք զգուշացնում են անծանոթ որոնիչների մասին։
Android
- Settings > Location > App location permissions բաժնում ստուգեք յուրաքանչյուր հավելվածի թույլտվությունը։
- Privacy dashboard-ում տեսեք, թե որ հավելվածներն են վերջերս օգտագործել ձեր գտնվելու վայրը։
- Google Maps-ում ստուգեք՝ միացված է արդյոք Timeline-ը և քանի ամիս է այն պահվում, իսկ Google հաշվում ստուգեք նաև Web & App Activity-ն։
Այլ սարքեր և իրավիճակներ
- Լուսանկարներ ուղարկելիս անջատեք գտնվելու վայրը։
- Եթե ձեր մեքենան միացված է ինտերնետին, ստուգեք դրա հավելվածի կամ համակարգի կարգավորումները։
- Մարզական հավելվածներում ստուգեք՝ ով է տեսնում ձեր երթուղիները։
- Եթե չեք ուզում, որ ձեր տան Wi-Fi-ն օգտագործվի Google-ի տեղորոշման ծառայություններում, դրա անվան վերջում ավելացրեք «_nomap»։
- Ուշադրություն դարձրեք տեսահսկման մասին ցուցանակներին։ Եթե ձեզ տեսագրել է որևէ կազմակերպություն, կարող եք գրավոր դիմել նրան և իմանալ, թե ինչ տվյալներ ունի ձեր մասին։
Իմ կարծիքը
Այս բաժինն իմ անձնական կարծիքն է։
Ինձ համար գտնվելու վայրի տվյալները ամենազգայուն տվյալներից են։ Գաղտնաբառը կարելի է փոխել, իսկ տեղաշարժերի պատմությունը, եթե մեկ անգամ արտահոսել է, հետ բերել հնարավոր չէ։ Եվ այսօր այդ պատմությունը ստեղծում է ոչ միայն հեռախոսը, այլև մեքենան, ժամացույցը, լուսանկարները, ինտերնետ կապը, Wi-Fi ցանցերը և փողոցների տեսախցիկները։
Ուրախալի է, որ վերջին տարիներին տեսնում եմ ճիշտ միտում. ընկերությունները տվյալներն ավելի հաճախ պահում են մարդու սարքում, այլ ոչ թե իրենց սերվերներում։ Google-ը Timeline-ը տեղափոխեց հեռախոս, Apple-ը գաղտնագրում է հաճախ այցելած վայրերը, Android 17-ը սկսեց ցույց տալ, թե երբ է հավելվածն օգտագործում ձեր գտնվելու վայրը, իսկ Apple-ն ու Google-ը միասին պաշտպանում են մարդկանց գաղտնի հետևումից։ Բայց Apple-ի կարգավորումը, որը սահմանափակում է այն, ինչ տեսնում է օպերատորը, առայժմ աշխատում է միայն մի քանի մոդելում և որոշ երկրներում, և Հայաստանը դրանց թվում չէ։
Ինձ համար կարևոր է նաև այն, որ տարբեր երկրներ տարբեր ճանապարհներով, բայց նույն եզրակացության են հանգում։ Չինաստանն ու Կորեան գտնվելու վայրը համարում են առանձնահատուկ պաշտպանության ենթակա տվյալ, Եվրոպան թափանցիկություն է պահանջում նույնիսկ ամենամեծ ընկերություններից, իսկ ԱՄՆ-ում պատասխանատվության են ենթարկվում օպերատորները, մեքենաների արտադրողները և տվյալների միջնորդները։ Միևնույն ժամանակ այս օրինակները ցույց են տալիս, թե որքան երկար է տևում այդ գործընթացը։ Google-ի տուգանքը վերաբերում է 2018–2020 թվականներին, իսկ ԱՄՆ օպերատորների գործը՝ մինչև 2019-ը կատարված գործողություններին։ Երկու դեպքում էլ վճռորոշ որոշումները կայացվեցին միայն 2026-ին։
Մեր սարքերը մենք կարող ենք կառավարել. անջատել ավելորդ թույլտվությունները, ճշգրիտ գտնվելու վայրը տալ միայն անհրաժեշտության դեպքում, ջնջել պատմությունը։ Եվ դա իսկապես կարևոր է։ Բայց անկեղծ լինեմ. որքան էլ մեզ թվա, որ ամեն ինչ փակել ենք, միշտ մնում է մի ճանապարհ, որը մեր ձեռքում չէ։ Դա կարող է լինել օպերատորի ցանցը, IP հասցեն, փողոցի տեսախցիկը կամ այն ընկերությունը, որին մի օր համաձայնություն ենք տվել՝ առանց երկար կարդալու։ Պաշտոնապես մեզ միշտ ասում են, որ տվյալները գաղտնի են և պաշտպանված։ Բայց այս հոդվածի օրինակները ցույց են տալիս, որ խոստումն ու իրականությունը միշտ չէ, որ համընկնում են. կարգավորողների պնդմամբ՝ ԱՄՆ-ի խոշոր օպերատորները, General Motors-ը և Kochava-ն մարդկանց տվյալները տրամադրում էին այլ ընկերությունների առանց նրանց համաձայնության, և դա հայտնի դարձավ միայն տարիներ անց։ Տեսախցիկների դեպքում էլ չկա կարգավորում, որը կարող ենք ինքներս անջատել. այստեղ ամեն ինչ կախված է օրենքից և դրա կատարումից։
Դրա համար չեմ կարծում, որ այսօր լիարժեք գաղտնիությունը հնարավոր է։ Հնարավոր է նվազեցնել ռիսկը։ Իմ գործնական խորհուրդն է՝ տարին գոնե մեկ անգամ ստուգել տեղորոշման կարգավորումները ոչ միայն հեռախոսում, այլև մեքենայի հավելվածում, ժամացույցում և մյուս միացված սարքերում։ Եթե եղանակի հավելվածին ձեր շենքի հասցեն պետք չէ, տվեք նրան միայն մոտավոր գտնվելու վայրը։
Հոդվածաշարի հաջորդ մասում՝ ինչպես կարելի է խաբել GPS-ը, ինչպես գտնել անջատված հեռախոսը, և ինչպես է արբանյակն օգնում, երբ կապ չկա։
Աղբյուրներ
Apple
- Apple Support. «Limit precise location from cellular networks», 2026-ի սեպտեմբերի 14.
- Apple Support. «About privacy and Location Services».
- Apple Support. «Turn Location Services and GPS on or off on your iPhone, iPad, or iPod touch».
- Apple. «Location Services & Privacy», թարմացված՝ 2026-ի փետրվարի 11.
- Apple Personal Safety User Guide. «Manage location metadata in Photos».
- Apple Personal Safety User Guide. «Detect unwanted trackers».
- Apple Newsroom. «Apple and Google deliver support for unwanted tracking alerts in iOS and Android», 2024-ի մայիսի 13.
- Apple Newsroom. «Apple introduces new AirTag with expanded range and improved findability», 2026-ի հունվարի 26.
- Android Help. «Manage your Android device’s location settings».
- Google Account Help. «Manage location permissions for apps».
- Android Help. «Manage permissions from the privacy dashboard».
- Android Developers Blog. «Redefining Location Privacy: New Tools and Improvements for Android 17», 2026-ի մարտի 26.
- Google Maps Help. Wi-Fi ցանցը Google-ի տեղորոշման ծառայություններից հանելու մասին («_nomap»).
- Google Maps Help. «Manage your Google Maps Timeline».
- Google Maps Help. «Update Google Maps to use Timeline on your device».
- Google Account Help. «Manage your Timeline data».
- Google Account Help. «Manage Timeline for iPhone».
- Mozilla Support. «Common myths about Private Browsing».
- Android. «Emergency Location Service: How it works».
Եվրոպա
- Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողով (DPC). «Data Protection Commission fines Google €403 million following inquiry into Google’s processing of location data», 2026-ի սեպտեմբերի 21.
- Կանոնակարգ (ԵՄ) 2024/1689 (AI Act), հոդված 5.
- UK Home Office. «Legal framework for using facial recognition in law enforcement», հանրային քննարկում, 2025-ի դեկտեմբերի 4.
Հայաստան
- ՀՀ օրենքը «Ոստիկանության մասին», հոդվածներ 19 և 22 (պաշտոնական ինկորպորացիա, ARLIS).
- ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն. Տեսահսկման վերաբերյալ ուղեցույց.
Ասիա
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Անձնական տեղեկատվության պաշտպանության մասին» օրենք, 2021-ի օգոստոսի 20, հոդվածներ 28–29 (անգլերեն պաշտոնական թարգմանություն).
- Չինաստանի կիբերտարածքի վարչություն և Հանրային անվտանգության նախարարություն. «Դեմքի ճանաչման տեխնոլոգիայի կիրառման անվտանգության կառավարման միջոցներ», 2025-ի մարտի 21.
- Հարավային Կորեա. «Act on the Protection and Use of Location Information» (Կորեայի իրավական հետազոտությունների ինստիտուտի պաշտոնական անգլերեն տարբերակ), հոդվածներ 15, 19, 25, 29.
ԱՄՆ
- FCC. Գտնվելու վայրի տվյալների համար բջջային օպերատորներին նշանակված տուգանքների մասին հաղորդագրություն, 2024-ի ապրիլի 29.
- ԱՄՆ Գերագույն դատարան. FCC v. AT&T, Inc., No. 25-406, 2026-ի հունիսի 4.
- FTC. «FTC Finalizes Order Settling Allegations that GM and OnStar Collected and Sold Geolocation Data Without Consumers’ Informed Consent», 2026-ի հունվարի 14.
- FTC. «FTC to Ban Kochava and Subsidiary from Selling Sensitive Location Data...», 2026-ի մայիսի 4.
- FTC. «Rite Aid Banned from Using AI Facial Recognition After FTC Says Retailer Deployed Technology without Reasonable Safeguards», 2023-ի դեկտեմբերի 19.
Ինչպե՞ս էր հոդվածը
Եղիր առաջինը, ով կարձագանքի
Հավանեցի՞ր հոդվածը
Կիսվիր ընկերներիդ հետ
Միացիր Parz Tech-ի Telegram ալիքին
Նոր հոդվածների մասին կիմանաս առաջինը՝ անմիջապես Telegram-ում։