ParzTech
Բոլոր հոդվածներըԱնվտանգություն

Նոր կենսաչափական անձնագիր. ինչպես է աշխատում չիպը և ինչ հարցեր են դեռ բաց

Նոյեմբերի 1-ից Հայաստանում տրվելու են նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր։ Ի՞նչ է պահվում չիպում, ո՞վ կարող է այն կարդալ, որքա՞ն արժե նոր փաստաթուղթը և կշարունակի՞ արդյոք գործել հին անձնագիրը։ Այս հոդվածում պատասխանում եմ այս հարցերին և նշում, թե ինչն է դեռ անհայտ։

ԹՄ

Թամարա Մարտիրոսյան

11 րոպե

Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսվում է նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Կենսաչափական են կոչվում մարդու մարմնին վերաբերող այն տվյալները, որոնցով կարելի է նրան ճանաչել, օրինակ՝ լուսանկարը կամ մատնահետքը։

Եթե մտածում եք նոր փաստաթուղթ ստանալու մասին, հավանաբար ունեք այս հարցերը. հին անձնագիրս կշարունակի՞ գործել, պարտադի՞ր է նոր անձնագիր ստանալ, որքա՞ն արժե, ի՞նչ է պահվում չիպում և ո՞վ կարող է այն կարդալ, նոր անձնագիրը կհեշտացնի՞ ճամփորդությունը։ Այս հոդվածում պատասխանում եմ այս հարցերին միայն պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Աղբյուրներն են «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքը, Ներքին գործերի նախարարության հրապարակումները և ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) նյութերը։ ICAO-ն ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, և հենց այն է սահմանում ժամանակակից անձնագրերի միջազգային ստանդարտը։

Ինչու է պետք նոր համակարգ

Ներքին գործերի նախարարի խոսքով՝ անձնագրային համակարգը հնացել է։ Եթե պետությունն այն արդիականացներ միայն իր ուժերով, դա կտևեր մոտ 7–8 տարի և կպահանջեր մեծ գումարներ պետական բյուջեից։ Դրա համար ընտրվել է պետության և մասնավոր ընկերության համագործակցության մոդելը։ Մրցույթը հաստատվել է 2024-ին, իսկ պայմանագիրը ստորագրվել է 2025-ի ապրիլի 25-ին։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը նշել է, որ նախկին կենսաչափական անձնագրերի չիպերը աշխարհում փոխճանաչելի չէին, այսինքն՝ ոչ բոլոր երկրներում էին կարդացվում, և դրանց պաշտպանության մակարդակը ցածր էր։

Ինչ կա չիպի ներսում և ինչպես է այն աշխատում

Ներքին գործերի նախարարի բացատրությամբ՝ կենսաչափական անձնագիրը սահմանին թույլ է տալիս մարդուն ճանաչել թվային եղանակով, և դա ապահովում է անձնագրում տեղադրված նոր սերնդի չիպը։ Նախարարի խոսքով՝ այսօր եվրոպացի սահմանապահը հայկական անձնագիրը թերթում և ստուգում է ձեռքով, իսկ կենսաչափական անձնագրի դեպքում ստուգումը տևելու է վայրկյաններ։

Օրենքում չիպը կոչվում է տվյալների էլեկտրոնային պահոց։ Դա փաստաթղթի այն մասն է, որտեղ էլեկտրոնային տեսքով պահվում են անձի տվյալները, այդ թվում՝ կենսաչափականները։ Ահա թե ինչպես է նման չիպն աշխատում ICAO-ի միջազգային ստանդարտով։

Չիպն աշխատում է ռադիոալիքներով։ Սահմանի սարքը տվյալները կարդում է առանց անձնագրին լարով միանալու, պարզապես մոտեցնելով։

Տվյալները պահվում են առանձին խմբերով։ ICAO-ի նյութերի համաձայն՝ բոլոր անձնագրերում պարտադիր է երկու խումբ։ Առաջինում պահվում են այն տվյալները, որոնք տպված են անձնագրի էջի ներքևում, երկրորդում՝ դեմքի լուսանկարը։ Երրորդ խումբը նախատեսված է մատնահետքերի համար։

Չիպը տվյալներ չի տալիս, քանի դեռ անձնագիրը բացված չէ։ ICAO-ի փաստաթղթերում նկարագրված է պաշտպանության մեխանիզմ, որը կոչվում է հիմնական մուտքի վերահսկում (Basic Access Control, BAC)։ ICAO-ի բացատրությամբ՝ այն թույլ չի տալիս չիպի տվյալները կարդալ առանց թույլտվության կամ գաղտնի որսալ։ Չիպի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է բանալի, որը ստեղծվում է անձնագրի էջում տպված երեք տվյալից՝ փաստաթղթի համարից, ծննդյան ամսաթվից և վավերականության ժամկետից։ Այսինքն՝ սարքը նախ պետք է «տեսնի» անձնագրի բացված էջը։

Մատնահետքերը կարող են ունենալ լրացուցիչ պաշտպանություն։ ICAO-ի նյութերում նշված է, որ մատնահետքերի համար կարող է կիրառվել ավելի խիստ մեխանիզմ, որը կոչվում է ընդլայնված մուտքի վերահսկում (Extended Access Control, EAC)։ Այս դեպքում մատնահետքերը կարող են կարդալ միայն հատուկ թույլտվություն ունեցող սարքերը։

Թվային ստորագրությունը պաշտպանում է կեղծումից։ ICAO-ի նյութերի համաձայն՝ չիպում պահվող տվյալները թվային ստորագրությամբ հաստատում է անձնագիրը տված պետությունը։ Այս ստորագրությունները ստուգելու համար 2007-ից գործում է ICAO-ի հանրային բանալիների տեղեկատուն (Public Key Directory, PKD)։ Դա միջազգային համակարգ է, որի միջոցով պետությունները միմյանց հետ կիսվում են ստորագրությունները ստուգելու բանալիներով։ ICAO-ի բացատրությամբ՝ ստուգումը կատարվում է ավտոմատ և տևում է վայրկյաններ։

Հայաստանը պատրաստվում է միանալ այս համակարգին։ Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Ներքին գործերի նախարարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով վավերացվում է այս համակարգին Հայաստանի մասնակցության և ծախսերի բաշխման մասին հուշագիրը։

Ինչ է սա նշանակում ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ասիայի և մյուս երկրների համար

Եվրամիություն. 2025-ի նոյեմբերին Եվրահանձնաժողովը ներկայացրեց Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագիրը։ Ծրագրով նախատեսված բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունն է։ Ներքին գործերի նախարարի խոսքով՝ միջազգային ստանդարտի կենսաչափական համակարգի ներդրումն այս ծրագրի ամենակարևոր և անվերապահ պայմանն էր։

Բայց կարևոր է հասկանալ. նոր անձնագիրն ինքնին վիզայից չի ազատում։ Այն գործընթացի պայմաններից միայն մեկն է։ Ըստ Եվրահանձնաժողովի՝ երկխոսությունը կավարտվի այն ժամանակ, երբ Հայաստանը կկատարի բոլոր պայմանները։

ԱՄՆ, Ասիա և աշխարհի մյուս երկրներ. Ներքին գործերի նախարարը նշել է, որ նոր չիպը կարդացվելու է ամբողջ աշխարհում։ ICAO-ի պաշտոնական կայքում հրապարակված ցուցակի համաձայն՝ հանրային բանալիների տեղեկատուի մասնակիցների թվում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունը, Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և այլ երկրներ։ Սա նշանակում է, որ այս երկրների սահմանային համակարգերը տեխնիկապես կկարողանան ստուգել, որ հայկական անձնագրի չիպն իսկական է։

Բայց պետք է տարբերել տեխնիկական ստուգումը և վիզային կանոնները։ Չիպն օգնում է արագ և վստահելի պարզել, որ անձնագիրն իսկական է։ Իսկ վիզա պահանջել, թե ոչ, որոշում է յուրաքանչյուր երկիր ինքը։ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի կամ ցանկացած այլ երկրի վիզային կանոնները նոր անձնագրով ինքնաբերաբար չեն փոխվում։ Այդ կանոնների մասին տեղեկությունը պետք է ստուգել Արտաքին գործերի նախարարության կայքում կամ տվյալ երկրի դեսպանությունում։

Ինչ կենսաչափական տվյալներ են վերցվելու

Օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է ամբողջական ցանկը. կենսաչափական տվյալներ են լուսանկարը, ստորագրությունը և երկու ձեռքերի մատնահետքերը։ Այլ կենսաչափական տվյալներ օրենքով չեն վերցվում։ 11-րդ հոդվածի համաձայն՝

  • լուսանկարը վերցվում է ցանկացած տարիքում,
  • մատնահետքերը՝ 6 տարեկանից (առաջին հերթին՝ ցուցամատներից),
  • ստորագրությունը՝ 16 տարեկանից։

Միֆեր և փաստեր

Միֆ. «Նոյեմբերի 1-ից հին անձնագիրս այլևս չի գործի»։ Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը տրված փաստաթղթերը գործում են մինչև իրենց ժամկետի ավարտը։ Ներքին գործերի նախարարությունը նույնպես նշել է, որ գործող անձնագրերը կշարունակեն գործել, և դրանք անմիջապես փոխելու պարտավորություն չկա։

Միֆ. «Բոլորը պետք է նոր անձնագիր ստանան»։ Օրենքի 3-րդ հոդվածում ուղղակի գրված է, որ անձնագիր ստանալը կամավոր է։ Պարտադիր է նույնականացման քարտը՝ 16 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու համար։ 16 տարին լրացածները անձնագիր կարող են ստանալ միայն այն դեպքում, եթե ունեն նույնականացման քարտ։ Օրենքով անձնագիրը նախատեսված է Հայաստանից մեկնելու և վերադառնալու համար, իսկ նույնականացման քարտը՝ հիմնականում Հայաստանում օգտագործելու, այդ թվում՝ պետական ծառայություններից օգտվելու համար։ Քարտում նշվում է նաև հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)։

Միֆ. «Ստիպված կլինեմ օրերով հերթ կանգնել»։ Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ դիմումը ներկայացվում է առցանց՝ էլեկտրոնային հարթակի միջոցով։ Հարթակը ստուգում է ձեր տվյալները բնակչության պետական ռեգիստրում, որից հետո վճարում եք պետական տուրքը և ընտրում այցի օրը։ Այցի ժամանակ հանձնում եք կենսաչափական տվյալները։ Դրանից հետո 14-րդ աշխատանքային օրը էլեկտրոնային փոստով կամ SMS-ով տեղեկանում եք՝ փաստաթուղթը պատրաստ է, թե մերժվել է։ Արտերկրից դիմելու դեպքում այս ժամկետը 14-ից 45 աշխատանքային օր է։ Հիշեք նաև, որ եթե պատրաստ փաստաթուղթը 12 ամսվա ընթացքում չվերցնեք, այն կհամարվի անվավեր (12-րդ հոդված)։

Փաստ. գինը։ Նույնականացման քարտն արժե 5 950 դրամ, անձնագիրը՝ 28 650 դրամ։ Նելլի Դավթյանի բացատրությամբ՝ մրցույթում հաղթած ընկերության առաջարկած գինն ամբողջությամբ դարձել է պետական տուրք, և պետությունը դրան ոչինչ չի ավելացրել։ Օրենքի 13-րդ հոդվածում նույնպես նշված է, որ պետական տուրքի մի մասը, պայմանագրով սահմանված չափով, վճարվում է մասնավոր ընկերությանը։ Նույնականացման քարտը տրվում է 5 տարով, իսկ 16 տարին լրացածների անձնագիրը՝ 10 տարով։

Ով է մատուցում ծառայությունը, և ինչ սահմանափակումներ ունի

Ծառայությունը մատուցելու է HAYPASS մասնավոր ընկերությունը, որը հիմնադրել են մրցույթում հաղթած IDEMIA Identity Security France և A.C.I. Technology ընկերությունները։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պարտականությունները բաշխված են այսպես. մասնավոր ընկերությունը հավաքում է կենսաչափական տվյալները, տպում և հանձնում է փաստաթղթերը, իսկ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստուգում է անձի ինքնությունը, որոշում է նրա կարգավիճակը և վարում է բնակչության պետական ռեգիստրը։

Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը մասնավոր ընկերությանը կարող է հանձնել հետևյալ աշխատանքները. դիմումների ընդունումը, տվյալների հավաքումն ու ստուգումը, կենսաչափական տվյալների հավաքումը, պահպանումն ու օգտագործումը, ինչպես նաև փաստաթղթի տպագրումն ու հանձնումը։ Այս աշխատանքների համար ընկերությունը կարող է օգտվել պետական տվյալների բազաներից։

Միևնույն ժամանակ օրենքը ընկերության համար սահմանում է հստակ սահմանափակումներ.

  • ընկերությունը չի որոշում՝ փաստաթուղթը տալ, թե մերժել. դա պետության որոշումն է (13-րդ հոդված),
  • ընկերությունը չի կարող հավաքել այլ անձնական տվյալներ, բացի օրենքով նախատեսվածներից, իսկ հավաքված տվյալները կարող է օգտագործել միայն անձը հաստատող փաստաթուղթ պատրաստելու համար (14-րդ հոդված),
  • ընկերության գործողությունների դեմ կարելի է բողոքել մեկ ամսվա ընթացքում՝ միգրացիայի և քաղաքացիության հարցերով պատասխանատու պետական մարմնին, իսկ այնուհետև՝ վարչական դատարան։ Եթե ձեզ վնաս է պատճառվել, այն հատուցում է այդ պետական մարմինը (15-րդ հոդված)։

Ինչ դեռ պարզ չէ

Այս բաժնում գրել եմ միայն այն հարցերը, որոնց պատասխանը պաշտոնական աղբյուրներում դեռ չկա, կամ որոնց մասին օրենքում գրված է ոչ միանշանակ։

Որտեղ դիմել առցանց։ Օրենքն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային հարթակի գործարկման մասին պաշտոնական հայտարարությունից տասն օր հետո, բայց ոչ ուշ, քան նոյեմբերի 1-ը։ HAYPASS-ի պաշտոնական կայքում այս պահին նշված է, որ առցանց նախագրանցումը շուտով հասանելի կլինի։

Ինչպես է պաշտպանված լինելու չիպը։ ICAO-ի ստանդարտը նախատեսում է պաշտպանության տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ վերը նկարագրված BAC-ը և EAC-ը, իսկ թե որոնք կկիրառվեն, որոշում է յուրաքանչյուր երկիր։ Հայաստանում օրենքով այս պահանջները սահմանում է կառավարությունը (11-րդ հոդված)։ Կառավարությունն է սահմանում նաև այն կանոնները, որոնցով մասնավոր ընկերությունը պետք է պահի և պաշտպանի մեր տվյալները (14-րդ հոդված)։ Ըստ օրենքի՝ այս որոշումները պետք է ընդունվեն մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։ Սակայն ՆԳՆ-ի և HAYPASS-ի պաշտոնական հրապարակումներում այս պահին չի նշվում, թե կոնկրետ որ պաշտպանություններն են կիրառվելու հայկական անձնագրում։ Օրինակ՝ դեռ հայտնի չէ, արդյոք մատնահետքերը կկարդան միայն հատուկ թույլտվություն ունեցող սարքերը։

Կարևոր բացառություն. ի՞նչ կլինի հին անձնագրի հետ, եթե ստանամ նոր նույնականացման քարտ։ Նույն 16-րդ հոդվածում գրված է, որ նոր օրենքով անձը հաստատող փաստաթուղթ ստանալու դեպքում մինչև այդ տրված անձը հաստատող փաստաթղթերը կորցնում են իրենց ուժը։ Իսկ նույնականացման քարտը, ըստ օրենքի 2-րդ հոդվածի, անձը հաստատող փաստաթուղթ է։ Սա նշանակում է, որ նոր նույնականացման քարտ ստանալուց հետո հին անձնագիրը կորցնում է իր ուժը։ Ուստի եթե պլանավորում եք ճամփորդել, հաշվի առեք, որ քարտը ստանալուց հետո ձեզ պետք կլինի նաև նոր անձնագիր։

Զեղչեր և լրացուցիչ ծառայություններ։ Օրենքով կառավարությունը կարող է որոշ խմբերի համար ամբողջությամբ կամ մասամբ փոխհատուցել պետական տուրքը։ Կարող է նաև սահմանել լրացուցիչ վճարով արագացված ծառայություն և կենսաչափական տվյալների հավաքում տանը։ Թե որ խմբերի համար և ինչ պայմաններով, դեռ հրապարակված չէ։

Արտերկրում ապրողներ։ Հոկտեմբերի 5-ից դեսպանություններում և հյուպատոսություններում անձնագրերի տրամադրումը և փոխարինումը ժամանակավորապես դադարեցված է։ Նելլի Դավթյանի խոսքով՝ հյուպատոսական ծառայությունները կարդիականացվեն Հայաստանում ծառայությունների մեկնարկից հետո երեք ամսվա ընթացքում, և դրանից հետո արտերկրում հնարավոր կլինի դիմել նաև նույնականացման քարտի համար։ Ճշգրիտ ամսաթիվ դեռ հայտնի չէ։

Որտեղ դիմել

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 1-ից կգործեն 14 գրասենյակ.

  • Երևան. «Երևան Մոլ» (Արշակունյաց պողոտա 34/3) և «Մեգամոլ» (Գայի պողոտա 16)
  • Արտաշատ. Օգոստոսի 23-ի փողոց 79/8
  • Եղեգնաձոր. Կամոյի փողոց 11/1
  • Կապան. Ա. Մանուկյան փողոց 3/41
  • Վաղարշապատ. Վ. Սարգսյան փողոց 111/1
  • Աշտարակ. Վ. Պետրոսյան փողոց 51/1
  • Աբովյան. Է. Պետրոսյան փողոց 4/7, 62
  • Հրազդան. Զորավար Անդրանիկի պողոտա 3 (Հայփոստ)
  • Գյումրի. Կայարանամերձ հրապարակ 1 («Գյումրի» կայարան)
  • Վանաձոր. Աղայան փողոց 76/6
  • Իջևան. Անկախության փողոց 19/79
  • Գավառ. Կենտրոնական հրապարակ 1/1 (Հայփոստ)
  • Մարտունի. Պ. Պռոշյան փողոց 4, 12

2027-ի առաջին եռամսյակում գրասենյակների թիվը կհասնի 23-ի։ Եթե առողջական պատճառով չեք կարող անձամբ դիմել, օրենքով ձեր փոխարեն կարող են դիմել մերձավոր ազգականները կամ Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները։

Իմ կարծիքը

(Սա իմ մասնագիտական կարծիքն է, ոչ թե ստուգված փաստ։)

Տեխնոլոգիական տեսանկյունից նոր անձնագիրը ճիշտ և վաղուց սպասված քայլ է։ Այն ստեղծված է նույն միջազգային ստանդարտով, որը կիրառում են ԱՄՆ-ը, Ճապոնիան, Չինաստանը, Եվրոպայի երկրները և շատ ուրիշներ։ Թվային ստորագրության և միջազգային ստուգման համակարգին միանալու շնորհիվ հայկական անձնագիրը կեղծելը շատ ավելի դժվար կլինի։ Դրական եմ գնահատում նաև, որ օրենքը հստակ սահմանափակումներ է դնում մասնավոր ընկերության համար և քաղաքացուն տալիս է բողոքելու իրավունք։

Բայց ուզում եմ անկեղծ լինել. չիպի ստանդարտը միայն հիմքն է։ ICAO-ն նկարագրում է պաշտպանության մի քանի մակարդակ, և անձնագրի իրական անվտանգությունը կախված է նրանից, թե որոնք են ընտրվել։ Հայաստանի դեպքում դա որոշում է կառավարությունը, և կարևոր է, որ այս տեղեկությունը հասանելի լինի բոլորին։

Ինձ համար չիպից ավելի կարևոր են այն համակարգերը, որտեղ պահվելու են բոլոր քաղաքացիների մատնահետքերը, և որոնցից օգտվելու է մասնավոր ընկերությունը։ Մատնահետքը գաղտնաբառ չէ. եթե այն մեկ անգամ արտահոսի, այլևս չես կարող այն փոխել։ Ուստի ինձ համար ամենակարևոր հարցերն են. ինչպես են պաշտպանված տվյալների բազաները, ով և ինչ պայմաններով կարող է դրանցից օգտվել, և ինչպես է ստուգվում, որ օրենքի սահմանափակումներն իրականում պահպանվում են։ Այս հարցերի պատասխանները պետք է հրապարակային լինեն, քանի որ նման համակարգին վստահում են ոչ միայն տեխնոլոգիաների, այլև թափանցիկության շնորհիվ։

Մինչև նոյեմբերի 1-ը մնացել է 13 օր, իսկ HAYPASS-ի կայքում առցանց նախագրանցումը դեռ բացված չէ։ Եթե առաջիկայում ճամփորդելու պլան ունեք, ուշադիր հետևեք պաշտոնական հայտարարություններին և դիմեք հենց գրանցումը բացվի։ Իսկ եթե պլան չունեք, շտապելու կարիք չկա, քանի որ գործող անձնագիրը կգործի մինչև իր ժամկետի ավարտը։

Կա նաև խարդախության վտանգ։ Հոկտեմբերի 10-ին Ներքին գործերի նախարարությունն արդեն զգուշացրել է ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին, որոնցում պահանջում են հղումով կամ QR կոդով շտապ «տուգանք» վճարել։ Չեմ զարմանա, եթե շուտով հայտնվեն նաև «անձնագիրն արագ ստանալու» կեղծ առաջարկներ։ Դիմեք միայն պաշտոնական ուղիներով։

Եվ վերջում՝ գործնական խորհուրդ. եթե պատրաստվում եք նոր անձնագիր ստանալ, հիշեք, որ նախ պետք է ստանալ նույնականացման քարտը, և դրանից հետո հին անձնագիրն այլևս չի գործի։ Ուստի եթե մոտ ժամանակներս ճամփորդելու պլան ունեք, ժամանակին դիմեք երկու փաստաթղթի համար էլ։ Եվ մի սպասեք, որ նոր անձնագիրն ինքնին կփոխի որևէ երկրի վիզային կանոնները։

####Աղբյուրներ

Օրենք

Ներքին գործերի նախարարություն

Կառավարություն

HAYPASS

Եվրամիություն

ICAO

Պետական լրատվական գործակալություն

  • «Արմենպրես». Նելլի Դավթյանի հայտարարությունը հյուպատոսական ծառայությունների մասին, 2026-ի սեպտեմբերի 29.

Ինչպե՞ս էր հոդվածը

Եղիր առաջինը, ով կարձագանքի

Հավանեցի՞ր հոդվածը

Կիսվիր ընկերներիդ հետ

Միացիր Parz Tech-ի Telegram ալիքին

Նոր հոդվածների մասին կիմանաս առաջինը՝ անմիջապես Telegram-ում։

Միանալ
HAYPASSICAOվիզային ազատականացումկենսաչափական անձնագիրնույնականացման քարտչիպտվյալների պաշտպանությունմատնահետք

Շարունակիր կարդալ

Կարող է քեզ հետաքրքրել

Անվտանգություն

Ինչ է թաքնված ավիատոմսի ամրագրման կոդի հետևում. PNR-ը և Amadeus-ի արտահոսքը

Ինչ է ավիատոմսի ամրագրման կոդը (PNR, amragrman kod), ինչ տվյալներ են բացահայտվել Amadeus-ի համակարգից Japan Airlines-ի և Cathay Pacific-ի ուղևորների դեպքում, և ինչպես չընկնել «ավիաընկերության» անունից խարդախության թակարդը։

5 րոպե
Անվտանգություն

Ինչու անջատվեցին աշխարհի շատ կայքեր. PHP-ի վտանգավոր սխալը պարզ բառերով

Ինչու հոկտեմբերի 21-ին աշխարհում շատ կայքեր անջատվեցին, ինչ է PHP2Shell խոցելիությունը, ինչ դեր ունեցավ ՍԻ-ն և ինչ պետք է անեն կայք ունեցողները։

13 րոպե
Անվտանգություն

Երբ GPS-ը սխալվում է, իսկ անջատված հեռախոսը դեռ կարելի է գտնել

Ինչ է GPS-ի խցանումը և կեղծումը, ինչպես կարելի է գտնել անջատված հեռախոսը, և ինչպես է արբանյակն օգնում, երբ կապ չկա։ Պատմում եմ նաև այն մասին, թե ինչ է կատարվում արբանյակային նավիգացիայի հետ մեր տարածաշրջանում, ինչու ձեր մեքենան կարող է ինքը շտապ օգնություն կանչել, և ինչու Հայաստանում գնված iPhone-ները չունեն արբանյակային կապ։ Տեղորոշման մասին հոդվածաշարի երրորդ մասը։

16 րոպե