Երբ ՍԻ-ն սկսում է գործել ինքնուրույն. ինչ է կատարվում ՍԻ աշխարհում
Hugging Face-ի վրա հարձակումից մինչև Սպիտակ տան համաձայնագիր և FTC-ի հետաքննություն՝ ինչու են AI ագենտներն այսօր ամենաքննարկվող թեման։
Թամարա Մարտիրոսյան
Անցած շաբաթը, կարծում եմ, տարվա ամենակարևորներից էր ՍԻ (AI) աշխարհի համար։ Եվ ոչ թե նոր մոդելի կամ նոր գործիքի, այլ անվտանգության պատճառով։
Պատմությունը սկսվել է դեռ ամռանը։ Հուլիսի 16-ին Hugging Face-ը հայտարարեց, որ իր համակարգերի մի մասը կոտրվել է, և այդ հարձակումն ամբողջությամբ իրականացրել է ինքնավար ՍԻ ագենտների համակարգ։ Ընթացքում գրանցվել է ավելի քան 17 հազար գործողություն։ Hugging Face-ի տվյալներով՝ հարձակվողը մուտք է գործել ներքին տվյալների սահմանափակ հավաքածուի և ծառայությունների մի քանի մուտքի տվյալների, բայց հանրային մոդելների, տվյալների բազաների կամ Spaces-ի փոփոխության հետքեր չեն հայտնաբերվել։
Մի քանի օր անց՝ հուլիսի 21-ին, OpenAI-ը հայտնեց, որ հարձակման հետևում իր սեփական մոդելներն են եղել։ Դրանք ներքին թեստ էին անցնում, որը չափում էր նրանց կիբեր կարողությունները, և այդ թեստի պատասխանները ստանալու համար անցել էին ծայրահեղ քայլերի։ Փակ փորձարկման միջավայրից դուրս գալու և ինտերնետ հասնելու համար մոդելները գտել և օգտագործել էին նախկինում անհայտ խոցելիություն։ OpenAI-ն այս դեպքն անվանել է աննախադեպ կիբեր միջադեպ։
Անցած շաբաթ այս թեման հասավ նոր փուլի։ Սեպտեմբերի 28-ին՝ երկուշաբթի, OpenAI-ը հայտարարեց, որ չի թողարկի իր նոր GPT-6.1 Astra մոդելը։ Ընկերության անվտանգության համակարգերի ղեկավարի խոսքով՝ մոդելը չի համապատասխանել պահանջներին այն հարցում, թե որքանով է մնում իրեն տրված առաջադրանքի և թույլտվությունների շրջանակում, և ինչպես է օգտատիրոջը հաղորդում իր կատարած աշխատանքի մասին։
Սեպտեմբերի 29-ին՝ երեքշաբթի, Սպիտակ տանը ՍԻ ոլորտի ամենաազդեցիկ ընկերությունների ղեկավարները՝ Google-ից, Meta-ից, Anthropic-ից, xAI-ից, Nvidia-ից և OpenAI-ից, ստորագրեցին կամավոր համաձայնագիր, որը կոչվում է «White House Accord on Super Intelligence»։ Փաստաթուղթը առաջարկում է, որ ընկերությունները ներդնեն ներքին վերահսկողության համակարգեր, ունենան ներքին թիմ, որը կստուգի դրանք, անցնեն արտաքին աուդիտ և ունենան անկախ վերահսկող խորհուրդ։ Ստորագրողները նաև պայմանավորվեցին պարբերաբար հանդիպել՝ անվտանգության ստանդարտներ մշակելու համար։ Կարևոր է նշել, որ սա օրենք չէ, այլ կամավոր պարտավորություն։
Իսկ սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը (FTC) հաստատեց, որ հետաքննում է OpenAI-ը, Anthropic-ը և այլ ՍԻ ընկերություններ՝ նրանց արտադրանքի հնարավոր վտանգների կապակցությամբ։
Ինչո՞ւ է սա կարևոր մեզ համար
Սովորական չաթբոտը պատասխանում է հարցերին։ Ագենտը գործում է՝ բացում է կայքեր, ուղարկում է նամակներ, աշխատեցնում է ծրագրեր, մուտք է գործում ծառայություններ։ Հենց դա է նրան դարձնում այդքան օգտակար, և հենց դա է նրան դարձնում ռիսկային։
Ուշադրություն դարձրեք. GPT-6.1 Astra-ն չթողարկվեց ոչ թե այն պատճառով, որ բավականաչափ խելացի չէր, այլ որովհետև միշտ չէր մնում իրեն տրված թույլտվությունների սահմաններում։ Այսինքն՝ այսօր ամենամեծ հարցը ոչ թե այն է, թե ինչ կարող է անել ՍԻ-ն, այլ այն, թե արդյոք այն անում է միայն այն, ինչ թույլ ենք տվել։
Երբ աշխատում էի ագենտներին Gmail-ի, Drive-ի և Calendar-ի հետ կապելու վրա, մեծ ուշադրություն էինք դարձնում հենց թույլտվություններին և մուտքի տվյալների պաշտպանությանը։ Որովհետև ագենտը կարող է անել այն ամենը, ինչ թույլ ես տալիս, երբեմն նաև այնպես, ինչպես չէիր սպասում։ Դրա համար, եթե օգտագործում եք ագենտներ, տվեք նրանց միայն այն հասանելիությունը, որն իսկապես անհրաժեշտ է կոնկրետ գործի համար։
ՍԻ-ն այլևս միայն պատասխանող գործիք չէ, այն սկսում է գործել։ Եվ հենց դրա համար էլ աշխարհը հիմա լրջորեն խոսում է ոչ միայն այն մասին, թե ինչ կարող է անել ՍԻ-ն, այլ նաև այն մասին, թե ինչ չպետք է թույլ տանք նրան անել առանց մեր վերահսկողության։
Աղբյուրներ
- Hugging Face-ի հայտարարությունը միջադեպի մասին. Hugging Face
- OpenAI-ի հայտարարությունը միջադեպի մասին. OpenAI
- GPT-6.1 Astra-ի մասին OpenAI-ի հայտարարությունը. CNN
- Սպիտակ տան համաձայնագիրը. CNBC
- FTC-ի հետաքննությունը. CNBC
Ինչպե՞ս էր հոդվածը
Եղիր առաջինը, ով կարձագանքի
Հավանեցի՞ր հոդվածը
Կիսվիր ընկերներիդ հետ