ParzTech
Բոլոր հոդվածներըՀայկական IT և միջոցառումներ

Physical AI. երբ ՍԻ-ն դուրս է գալիս էկրանից

Ինչ է Physical AI-ն, ինչու էր այն Armenia Engineering Week 2026-ի գլխավոր թեման, և ինչու է այն արդեն իրականություն Հայաստանում։

ԹՄ

Թամարա Մարտիրոսյան

2 րոպե

Երբ խոսում ենք ՍԻ-ի մասին, մեծ մասամբ պատկերացնում ենք ChatGPT-ի նման գործիքներ, որոնք պատասխանում են հարցերին, գրում են տեքստեր կամ ստեղծում են նկարներ։ Բայց այդ ամենը տեղի է ունենում էկրանի ներսում։ Հաջորդ մեծ քայլը այն է, երբ ՍԻ-ն սկսում է գործել իրական, ֆիզիկական աշխարհում։ Հենց սրան էր նվիրված այս տարվա Armenia Engineering Week-ը։

Ի՞նչ է Physical AI-ն

ChatGPT-ի նման մոդելներն աշխատում են տեքստի, նկարների և կոդի հետ։ Physical AI-ն այն ՍԻ-ն է, որը տեսախցիկների և սենսորների միջոցով ընկալում է շրջապատը, որոշումներ է կայացնում և գործում է ֆիզիկապես՝ ռոբոտների, ինքնավար մեքենաների, դրոնների կամ խելացի արտադրական գծերի միջոցով։

Այստեղ ամեն ինչ ավելի բարդ է։ Թվային աշխարհում ՍԻ-ի սխալը սովորաբար սխալ պատասխան է։ Ֆիզիկական աշխարհում սխալը կարող է նշանակել կոտրված սարք կամ վտանգ մարդու համար։ Դրա համար էլ Physical AI-ն միայն ալգորիթմների հարց չէ. այն պահանջում է ալգորիթմների, սենսորների, էլեկտրոնիկայի, ռոբոտաշինության, ներկառուցված համակարգերի և արտադրության համադրություն։

Այսինքն՝ ճարտարագիտություն։

Armenia Engineering Week 2026

Միջոցառումը տեղի ունեցավ հոկտեմբերի 2-4-ը «Physical AI: Engineering Intelligence for the Real World» թեմայով, և համախմբեց ինժեներների, տեխնոլոգիական ընկերությունների, հետազոտողների, ուսանողների և ոլորտի ղեկավարների։ Կազմակերպիչներն էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և Ճարտարագիտական ասոցիացիան՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ։

Բացման արարողությանը նախարար Դավիթ Թադևոսյանը նշեց, որ ՍԻ-ն ռոբոտաշինության, ինքնավար համակարգերի, խելացի սարքերի և նոր արդյունաբերական լուծումների միջոցով մտնում է ֆիզիկական աշխարհ, և դա նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ կարևոր է ոչ միայն օգտագործել այս տեխնոլոգիաները, այլև մասնակցել դրանց ստեղծմանը, ինչի համար անհրաժեշտ է կրթության, գիտության, բիզնեսի և պետության ավելի սերտ համագործակցություն։ EIF-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ Հայաստանի համար սա եզակի հնարավորություն է օգտագործելու երկրի ճարտարագիտական և գիտական ներուժը, ստեղծելու նոր աշխատատեղեր, մտնելու նոր համաշխարհային շուկաներ և ներկայանալու ոչ միայն որպես տեխնոլոգիաներ օգտագործող, այլև բարդ տեխնոլոգիական խնդիրներ լուծող երկիր։ Ելույթ ունեցավ նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով Հայաստանի և ԵՄ տեխնոլոգիական համագործակցությանը։

Բացումից հետո մեկնարկեց Engineering Expo-ն, և ցուցադրվեց մարդանման ռոբոտ։ Հոկտեմբերի 3-ին Engineering City-ում բացվեցին ճարտարագիտական ցուցահանդես և կրթական-երիտասարդական գոտի, անցկացվեցին ոլորտային քննարկումներ, իսկ հոկտեմբերի 4-ին ծրագիրը շարունակվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ տարածաշրջանային միջոցառումներով և եզրափակիչ քննարկումներով։

Physical AI-ն Հայաստանում արդեն կա

Սա միայն ապագայի թեմա չէ։ Engineering City-ում արդեն գործում է Physical AI-ի, ռոբոտաշինության և խելացի արտադրության հետազոտական լաբորատորիա, որը ղեկավարում է Անդրանիկ Մելիքսեթյանը, և որի անդամներն աշխատում են JiVan անունով մարդանման ռոբոտի հետ։

Ինձ համար այս միջոցառման ամենակարևոր միտքը հենց այն էր, որ ընդգծվեց տարբերությունը տեխնոլոգիա օգտագործելու և այն ստեղծելու միջև։ Թվային ՍԻ-ի մրցավազքում ամենամեծ դերը խաղում են հսկայական ընկերություններն ու հսկայական ռեսուրսները։ Physical AI-ի դեպքում կարևոր են նաև ճարտարագիտական գիտելիքը, էլեկտրոնիկան և արտադրությունը, և այստեղ փոքր երկրի համար ավելի շատ դռներ կարող են բացվել։

Եթե էկրանի ներսում գործող ՍԻ-ն արդեն մեզ ստիպում է մտածել վերահսկողության մասին, ապա ֆիզիկական աշխարհում գործող ՍԻ-ի դեպքում այդ հարցը դառնում է էլ ավելի կարևոր։ Եվ լավ է, որ Հայաստանում այս թեմայի մասին խոսում են ոչ միայն որպես օգտատերեր, այլև որպես ստեղծողներ։

Աղբյուրներ

Ինչպե՞ս էր հոդվածը

Եղիր առաջինը, ով կարձագանքի

Հավանեցի՞ր հոդվածը

Կիսվիր ընկերներիդ հետ

Միացիր Parz Tech-ի Telegram ալիքին

Նոր հոդվածների մասին կիմանաս առաջինը՝ անմիջապես Telegram-ում։

Միանալ
ՍԻAIռոբոտաշինությունՀայաստանմիջոցառումներSI

Շարունակիր կարդալ

Կարող է քեզ հետաքրքրել

Հայկական IT և միջոցառումներ

64, 512, 6 144. ինչպես Հայաստանում 2026-ին բացվեց երեք ՍԻ կենտրոն

2024-ին Հայաստանը ավելի քան վեց ամիս էր բանակցում 64 պրոցեսորի համար, իսկ 2026-ին բացվեց երեք ՍԻ կենտրոն։ Ինչ է դա տալիս երկրին, և ինչ հարցեր են մնում բաց էլեկտրաէներգիայի ու ԱՄՆ-ի թույլտվությունների առումով։

13 րոպե
Անվտանգություն

Ձեր հեռախոսը կարող են լսել. բայց ոչ այնպես, ինչպես կարծում եք

Ձեր հեռախոսը կարող են լսել, բայց ոչ այնպես, ինչպես կարծում եք։ Ինչն է միֆ, ինչու Telegram-ի սովորական չատն այնքան էլ գաղտնի չէ, և ինչպես իրականում պաշտպանվել։

13 րոպե
Անվտանգություն

Մեկ լուսանկարը բավական է. ինչպես է ՍԻ-ն դառնում բռնության գործիք, և ինչպես պաշտպանվել

Ինչպես են ՍԻ-ով մարդկանց սովորական լուսանկարներից կեղծ ինտիմ տեսանյութեր ստեղծում, ինչ դեպքեր են եղել աշխարհում, ինչ է ասում օրենքը, և ուր դիմել, եթե դա պատահել է ձեզ։

11 րոպե