Ինչու եմ գրում ՍԻ-ի և տեխնոլոգիաների մասին հայերենով
IT-ում տասը տարվա փորձից հետո՝ ինչու որոշեցի բացատրել տեխնոլոգիաները պարզ լեզվով, և ինչու ՍԻ, ոչ թե AI։
Թամարա Մարտիրոսյան
Տասը տարուց ավելի աշխատել եմ IT-ում։ Սկսել եմ որպես junior ծրագրավորող, տարիների ընթացքում մասնակցել եմ տարբեր չափի նախագծերի, իսկ վերջին շրջանում աշխատել եմ ՍԻ ագենտների պլատֆորմի վրա։ Այդ ընթացքում ամեն օր տեսնում էի, թե ինչքան արագ է փոխվում այս ոլորտը. այն, ինչ երեկ թվում էր ֆանտաստիկա, այսօր դառնում է սովորական գործիք։
Բայց նաև նկատեցի մեկ այլ բան։ Երբ ուզում էի ընկերներիս, ընտանիքիս կամ ոլորտից դուրս մարդկանց բացատրել, թե ինչ է կատարվում տեխնոլոգիաների աշխարհում, դժվարանում էի գտնել լավ նյութ հայերենով։ Տեղեկությունը կա, բայց հիմնականում անգլերեն կամ ռուսերեն է, հաճախ չափազանց տեխնիկական, կամ էլ, հակառակը, մակերեսային ու աղմկոտ։
Այդպես ծնվեց այս բլոգի գաղափարը։
Ես հավատում եմ, որ տեխնոլոգիաների մասին կարելի է խոսել պարզ, բայց ոչ մակերեսային։ Եվ որ դա կարելի է անել հայերենով։
Գուցե արդեն մտածում եք՝ ինչու ՍԻ և ոչ AI։ Սեպտեմբերի վերջին ԱՄՆ նախագահը ստորագրեց հրաման, որով ամերիկյան պետական գերատեսչությունները պաշտոնական փաստաթղթերում «Artificial Intelligence» (AI) տերմինի փոխարեն պետք է օգտագործեն «Super Intelligence» (SI)։ Հիմնավորումն այն էր, որ «արհեստական» բառը տեխնոլոգիան ներկայացնում է որպես կեղծ։ Սա դեռ համընդհանուր փոփոխություն չէ. ընկերությունների և մեդիաների մեծ մասը շարունակում է ասել AI, իսկ հայերենում ընդունված տերմինը արհեստական բանականությունն է (ԱԲ)։ Բայց նոր եզրույթն արդեն մտել է օրակարգ, և հավանաբար այն ավելի հաճախ կհանդիպենք։
Իսկ ինչպե՞ս կլինի դա հայերեն։ Super Intelligence-ի ամենաբնական թարգմանությունը գերբանականությունն է. «գեր» նախածանցը հայերենում հենց «super»-ի իմաստն ունի, ինչպես գերհզոր կամ գերձայնային բառերում։ Այս նոր իմաստով դեռ չկա պաշտոնապես ընդունված հայերեն տերմին, որովհետև փոփոխությունը շատ թարմ է։ Այնպես որ «ՍԻ»-ն փաստորեն անգլերեն կրճատման հայատառ տարբերակն է, ինչպես, օրինակ, ՆԱՏՕ-ն։ Այս բլոգում կօգտագործեմ հենց ՍԻ-ն, բայց հաճախ կնշեմ նաև AI-ն, որ բոլորի համար պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։
Ինչու հենց ՍԻ և տեխնոլոգիաներ։ Որովհետև սա այլևս միայն ծրագրավորողների թեմա չէ։ ՍԻ-ն արդեն փոխում է, թե ինչպես ենք աշխատում, սովորում, փնտրում տեղեկություն և նույնիսկ շփվում իրար հետ։ Հայաստանում էլ այսօր այդ մասին խոսում են ամենուր՝ պետական ծրագրերից մինչև Երևանում անցկացվող միջոցառումները։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրս արժանի է հասկանալու, թե ինչ է կատարվում, և ինչ է դա նշանակում հենց մեզ համար։
Այստեղ կգրեմ ՍԻ-ի և տեխնոլոգիական նորությունների մասին, կբացատրեմ բարդ թեմաները պարզ լեզվով, կպատմեմ հայկական IT ոլորտի իրադարձությունների մասին և կկիսվեմ իմ փորձով ու տեսակետով։ Ոչ թե պարզապես լուրեր, այլ այն, ինչ կարևոր է իմանալ, և ինչու։
Բարի գալուստ։
Ինչպե՞ս էր հոդվածը
Եղիր առաջինը, ով կարձագանքի
Հավանեցի՞ր հոդվածը
Կիսվիր ընկերներիդ հետ
Միացիր Parz Tech-ի Telegram ալիքին
Նոր հոդվածների մասին կիմանաս առաջինը՝ անմիջապես Telegram-ում։