ParzTech
Բոլոր հոդվածներըԱնվտանգություն

Մեկ լուսանկարը բավական է. ինչպես է ՍԻ-ն դառնում բռնության գործիք, և ինչպես պաշտպանվել

Ինչպես են ՍԻ-ով մարդկանց սովորական լուսանկարներից կեղծ ինտիմ տեսանյութեր ստեղծում, ինչ դեպքեր են եղել աշխարհում, ինչ է ասում օրենքը, և ուր դիմել, եթե դա պատահել է ձեզ։

ԹՄ

Թամարա Մարտիրոսյան

11 րոպե

Վերջին օրերին հայկական սոցցանցերում բլոգերները բարձրաձայնում են մի երևույթի մասին, որը մինչև վերջերս թվում էր հեռու մեզանից. մարդկանց, հիմնականում աղջիկների, սովորական լուսանկարներից ՍԻ-ի միջոցով ստեղծում են կեղծ, անպարկեշտ տեսանյութեր և տարածում դրանք։ Հոկտեմբերի 13-ին բլոգեր Զառա Ղազարյանը այս մասին տեսանյութ հրապարակեց։ Նա նշեց, որ կանանց հիմա հալածում են «չարածների համար», և որ եթե իրավապահ մարմինները պատշաճ ուշադրություն չդարձնեն այս խնդրին, կանայք ունենալու են ևս մի պատճառ՝ իրենց անապահով զգալու։

Հայաստանում նման դեպքերի մասին պաշտոնական վիճակագրություն չգտա։ Բայց աշխարհում այս խնդիրն արդեն դատարանների, կարգավորող մարմինների և նոր օրենքների թեմա է։ Որոշեցի հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչ դեպքեր են եղել, և ինչպես կարելի է պաշտպանվել։

Ինչ է դիփֆեյքը

Դիփֆեյքը (անգլերեն՝ deepfake) պատկեր, տեսանյութ կամ ձայնագրություն է, որը ստեղծվում կամ փոփոխվում է ՍԻ-ի միջոցով այնպես, որ իրական թվա։ Մի քանի տարի առաջ նման տեսանյութ ստեղծելու համար պետք էին հզոր համակարգիչներ և տեխնիկական գիտելիքներ։ Այսօր բավական է մեկ լուսանկար սոցցանցից և հեռախոսով աշխատող հավելված։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2026-ի փետրվարի 5-ի հայտարարությունում նկարագրում է նաև այսպես կոչված «մերկացումը», երբ ՍԻ գործիքներով լուսանկարից հեռացնում կամ փոփոխում են հագուստը։ Այսինքն՝ զոհը կարող է երբեք որևէ անպարկեշտ լուսանկար արած չլինել. բավական է, որ իր սովորական նկարը հասանելի լինի համացանցում։

Իրական դեպքեր աշխարհից

Երբ հայտնի ՍԻ օգնականն էր դա անում։ 2026-ի սկզբին պարզ դարձավ, որ X սոցցանցում ներդրված Grok ՍԻ օգնականով մարդիկ ստեղծում և տարածում են ուրիշների «մերկացված» պատկերներ։ Հունվարի 12-ին Մեծ Բրիտանիայի առցանց անվտանգության կարգավորող Ofcom-ը պաշտոնական հետաքննություն սկսեց X-ի դեմ։ Կարգավորողը նշեց, որ այդ պատկերները կարող են լինել ինտիմ պատկերների չարաշահում, իսկ երեխաների դեպքում՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր։ Կանադայի անձնական տվյալների պաշտպանության հանձնակատարը նույնպես հետաքննություն սկսեց այն հաղորդումներից հետո, որ Grok-ով ստեղծվում են միլիոնավոր սեռական բնույթի դիփֆեյքեր։ Հունիսի 11-ին նա եզրակացրեց, որ գործիքը գործարկվել է առանց պատշաճ պաշտպանական մեխանիզմների, և որ X-ը և Grok-ի մշակող xAI-ը խախտել են Կանադայի օրենքը։

Առաջին խոշոր պատիժը Ավստրալիայում։ 2025-ի սեպտեմբերի 26-ին Ավստրալիայի դաշնային դատարանը մի տղամարդու պարտավորեցրեց վճարել 343 500 ավստրալիական դոլար, ինչպես նաև դատական ծախսերը, մի քանի հայտնի ավստրալիացի կանանց դիփֆեյք պատկերները համացանցում տեղադրելու համար։ Գործը դատարան էր հանել Ավստրալիայի առցանց անվտանգության հանձնակատարը (eSafety)։ Մոտավորապես նույն ժամանակ eSafety-ն գործողություններ սկսեց նաև «մերկացնող» ՍԻ ծառայություններ տրամադրող մի ընկերության դեմ։ Հանձնակատարի տվյալներով՝ այդ ծառայություններն Ավստրալիայում ամսական մոտ 100 հազար այցելու են ունեցել և օգտագործվել են դպրոցականների դիփֆեյք պատկերներ ստեղծելու համար։

Կայքերի բռնագրավում ԱՄՆ-ում։ 2026-ի հունիսին ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը և Ներքին անվտանգության նախարարությունը բռնագրավեցին երկու կայք։ Նախարարության տվյալներով՝ դրանցում առանց համաձայնության հրապարակված էին կանանց մասին հարյուր հազարավոր դիփֆեյք պոռնոգրաֆիկ պատկերներ և տեսանյութեր։ Կայքերի մասին ահազանգել էր Իտալիայի ոստիկանությունը։ ԱՄՆ-ը իր հավաքած ապացույցները փոխանցեց Ֆրանսիային, որն անցկացրեց իր հետաքննությունը, և Ֆրանսիայում ձերբակալվեց մի կասկածյալ։ Սա TAKE IT DOWN կոչվող նոր օրենքով կայքի առաջին բռնագրավումն էր։

Այս դեպքերը ցույց են տալիս երկու բան. խնդիրը համաշխարհային է, և այն չի սահմանափակվում հայտնի մարդկանցով։ Զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, ում լուսանկարը կա համացանցում։

«Կեղծ» չի նշանակում «անվնաս»

Շատերը կարծում են, որ եթե տեսանյութը կեղծ է, ուրեմն վնասը փոքր է։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հակառակն է ասում. նրա հայտարարության վերնագիրն է՝ «Դիփֆեյք բռնությունը՝ բռնություն է»։ Կազմակերպությունը հստակ նշում է, որ երեխաների՝ ՍԻ-ով ստեղծված կամ փոփոխված սեռական բնույթի պատկերները երեխաների նկատմամբ սեռական բռնությունը փաստող նյութեր են, և դրանց պատճառած վնասը կեղծ չէ։

Նույնը վերաբերում է նաև մեծահասակներին. մարդը, ում դեմքով տեսանյութ է տարածվում, իրական ամոթ, վախ և հասարակական ճնշում է զգում՝ անկախ նրանից, որ տեսանյութը ստեղծել է ալգորիթմը։

Ինչ է ասում օրենքը

Հայաստանում պատկերն ամբողջական չէ։ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու համար։ Հենց այս հոդվածով Գլխավոր դատախազությունը 2024-ի դեկտեմբերին դատարան ուղարկեց մի գործ, որում տղամարդը նախկին զուգընկերոջ մերկ լուսանկարներն առանց նրա համաձայնության ուղարկել էր այլ անձի։ Մանկական պոռնոգրաֆիայի համար գործում է Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը։ Հայկական իրավապահներն արդեն արձագանքել են նաև ՍԻ-ով ստեղծված կեղծիքներին:

Բայց կա կարևոր բաց. Քրեական օրենսգրքում չգտա առանձին հոդված, որը կոնկրետ վերաբերի չափահաս մարդու մասնակցությամբ ՍԻ-ով ստեղծված ինտիմ պատկերներին։ Իսկ արդյո՞ք 204-րդ հոդվածը կիրառվում է նաև կեղծ պատկերների դեպքում (չէ՞ որ այդտեղ իրական «գաղտնիք» չկա), իրավական հարց է, որին պետք է պատասխանեն իրավաբաններն ու դատարանները։

Մեծ Բրիտանիայում 2026-ի փետրվարի 6-ից քրեական հանցագործություն է չափահասի կեղծ ինտիմ պատկեր ստեղծելը կամ ուրիշից դա պահանջելը՝ առանց նրա համաձայնության։ Պատժելի է հենց ստեղծելը, նույնիսկ եթե պատկերը չի տարածվել։ Տարածումն արդեն նախկինում էր հանցագործություն։

ԱՄՆ-ում 2025-ի մայիսին ընդունված TAKE IT DOWN օրենքը դաշնային հանցագործություն է համարում ճանաչելի չափահասին սեռական բնույթով պատկերող կեղծ նյութերի հրապարակումն առանց նրա համաձայնության։ 2026-ի մայիսի 19-ից Առևտրի դաշնային հանձնաժողովը (FTC) սկսեց վերահսկել օրենքի այն մասի կատարումը, որը պարտավորեցնում է սոցցանցերին և այլ հարթակներին ունենալ պարզ եղանակ՝ նման նյութերի հեռացումը պահանջելու համար, և հեռացնել դրանք ու դրանց հայտնի նույնական պատճենները 48 ժամվա ընթացքում։ FTC-ն հստակ նշում է, որ օրենքը վերաբերում է նաև ՍԻ-ով ստեղծված պատկերներին, իսկ խախտող հարթակները կարող են տուգանվել մինչև 53 088 դոլարով՝ յուրաքանչյուր խախտման համար։

Տեխնոլոգիան, որը պաշտպանում է

Ամենահետաքրքիրն այն է, որ նույն տեխնոլոգիական աշխարհը, որը ստեղծել է խնդիրը, ստեղծել է նաև պաշտպանության միջոց։ Այն կոչվում է հեշ (hash) կամ «թվային մատնահետք»։

Պատկերացրեք, որ ալգորիթմը նայում է լուսանկարին և դրանից ստանում եզակի կոդ՝ ինչպես մարդու մատնահետքը։ Նույն լուսանկարի բոլոր պատճեններն ունեն նույն կոդը։ Այդ կոդից հնարավոր չէ վերականգնել լուսանկարը, բայց դրանով կարելի է ճանաչել այն։ Այդպիսի կոդերի ցուցակով սոցցանցերը կարող են ճանաչել և արգելափակել նկարը, այնպես որ ոչ ոք այն չտեսնի։

Այս սկզբունքով է աշխատում StopNCII.org անվճար ծառայությունը, որը ստեղծել են Meta-ն և բրիտանական SWGfL բարեգործական կազմակերպությունը։ Ահա թե ինչպես.

  1. Մտնում եք stopncii.org և ընտրում «Create Your Case» (Ստեղծել դեպք)։ Անուն կամ էլ. փոստ պետք չէ։
  2. Ձեր հեռախոսից կամ համակարգչից ընտրում եք նկարը կամ տեսանյութը։ Կայքը թվային մատնահետքը ստեղծում է հենց ձեր սարքի վրա, և նկարը ոչ մի տեղ չի ուղարկվում։
  3. Ստանում եք դեպքի համար և PIN կոդ։ Պահեք դրանք. կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։
  4. Կոդը փոխանցվում է գործընկեր հարթակներին։ Եթե որևէ մեկը փորձի նույն նկարը վերբեռնել, հարթակը կճանաչի այն և կհեռացնի, եթե այն խախտում է իր կանոնները։

Ծառայությունից կարող է օգտվել այն մարդը, ով պատկերված է նկարում, ունի այդ նկարը, և նկարում 18 տարեկանից բարձր է։ StopNCII-ը հստակ նշում է, որ ընդունում է նաև դիփֆեյքեր։ Եթե ունեք միայն սքրինշոթ, այն նույնպես կարելի է օգտագործել։ Կոդը ստեղծելուց հետո նկարը կարելի է ջնջել ձեր սարքից. կոդը կշարունակի աշխատել։

Կարևոր է իմանալ, որ պաշտպանությունը վերաբերում է ոչ միայն լրիվ մերկ պատկերներին։ StopNCII-ի սահմանմամբ՝ ինտիմ են համարվում նաև այն պատկերները, որտեղ մարդը ներքնազգեստով է, իսկ դիփֆեյքերի դեպքում ծառայությունն ընդունում է նաև կիսամերկ պատկերներ։

Եթե նկարում մարդը 18 տարեկանից ցածր է, նույն սկզբունքով աշխատում է Take It Down ծառայությունը, որը գործարկում է ԱՄՆ-ի Կորած և շահագործվող երեխաների ազգային կենտրոնը (NCMEC)։ Այն կարելի է օգտագործել նույնիսկ այն դեպքում, երբ մարդն այժմ արդեն չափահաս է, եթե նկարն արվել է մինչև 18 տարեկանը։ Ծառայությունն ընդգրկում է նաև կիսամերկ պատկերները, և կարելի է դիմել անանուն։ Կարևոր է՝ դիմելու համար նկարը չի կարելի ներբեռնել կամ ուղարկել որևէ մեկին. պետք է օգտագործել միայն այն, ինչ արդեն կա ձեր սարքում։ Եթե նկարը ձեր սարքում չէ, ծառայությունը խորհուրդ է տալիս դիմել NCMEC-ի CyberTipline առցանց հարթակին (cybertipline.org)։

Այս ծառայությունները օգտակար են, բայց ամենազոր չեն։ Դրանք աշխատում են միայն գործընկեր հարթակներում և չեն աշխատում գաղտնագրված մեսենջերներում։ Եթե նկարը կտրատվել է կամ ֆիլտրով է փոփոխվել, հին կոդը կարող է այն չճանաչել, և նոր տարբերակի համար պետք է առանձին կոդ ստեղծել։ Եթե նկարն արդեն տեղադրված է, StopNCII-ը խորհուրդ է տալիս նախ բողոքել հենց հարթակին։ Եվ վերջապես՝ կայքերը հայերեն չունեն, ուստի պետք է օգտվել, օրինակ, անգլերեն տարբերակից։

Ինչպես պաշտպանվել և ուր դիմել

Նախ՝ դա ձեր մեղքը չէ։ Լուսանկարը սոցցանցում տեղադրելը սխալ չէ. մեղավորն այն մարդն է, ով այն օգտագործել է առանց ձեր համաձայնության։

  1. Պահեք ապացույցները, բայց մի տարածեք։ Գրանցեք այն էջերի հղումները, որտեղ տեսանյութը տեղադրված է։ Google-ի հեռացման ձևը, օրինակ, պահանջում է հենց հղումներ և թույլ է տալիս կցել սքրինշոթներ, որոնցում անպարկեշտ հատվածները պետք է ծածկված լինեն։ Ոչ մի դեպքում մի ուղարկեք նյութը ուրիշներին, նույնիսկ «ցույց տալու» համար. ամեն վերահրապարակում նոր պատճեն է։

  2. Բողոքեք հարթակին։ Բողոք ներկայացնելիս նշեք, որ նյութը տարածվել է առանց ձեր համաձայնության և ստեղծված է ՍԻ-ով։ Կատեգորիաների անունները հարթակից հարթակ տարբերվում են։

Meta-ի Վերահսկող խորհուրդը՝ Facebook-ի և Instagram-ի որոշումները վերանայող անկախ մարմինը, 2026-ի հունիսի 23-ին որոշում կայացրեց նման մի գործով։ Instagram-ում տեղադրված էր ՍԻ-ով ստեղծված ութ վայրկյանանոց տեսանյութ, որը, ըստ բողոքողի, նմանակում էր իր ընկերուհուն, և որի մի քանի կադրում երևում էր ներքնազգեստը։ Meta-ն որոշել էր չհեռացնել տեսանյութը, միայն այն տեսանելի դարձնել չափահասներին։ Խորհուրդը չեղարկեց այդ որոշումը և պահանջեց հեռացնել տեսանյութը։ Խորհուրդը նաև որոշեց, որ իրական մարդուն նմանակող՝ ՍԻ-ով ստեղծված սեռական բնույթի նյութը պետք է լռելյայն համարվի առանց համաձայնության ստեղծված, և առաջարկեց Meta-ին թույլ տալ ընկերներին և ընտանիքի անդամներին բողոքել զոհի փոխարեն։

  1. Հեռացրեք Google-ի որոնման արդյունքներից։ Google-ն ունի հատուկ ձև, որով կարելի է պահանջել հեռացնել ձեր մասին կեղծ ինտիմ պատկերներ պարունակող հղումները։ Պայմաններից մեկն այն է, որ կեղծ պատկերը պետք է ձեզ ներկայացնի մերկ կամ սեռական բնույթի իրավիճակում։ Ընկերությունը նշում է, որ նման նյութ հեռացնելիս փորձում է հեռացնել նաև կրկնօրինակները և հետագայում զտել համանման որոնումների արդյունքները։ Հիշեք, որ դրանով նյութը հեռանում է որոնումից, բայց կարող է մնալ այն կայքում, որտեղ տեղադրված է։

  2. Ստեղծեք թվային մատնահետք։ StopNCII.org-ում, եթե պատկերում չափահաս եք, կամ Take It Down-ում, եթե պատկերում 18 տարեկանից ցածր եք։ Սա կօգնի կանխել նույն պատկերի նոր տարածումը գործընկեր հարթակներում։

  3. Դիմեք իրավապահներին և իրավապաշտպաններին։

  • Ոստիկանություն՝ 102, կամ արտակարգ ծառայությունների միասնական համարը՝ 112։ Նման դեպքերը կարող են քրեական պատասխանատվություն առաջացնել, և իրավապահները պետք է տեղյակ լինեն դրանց մասին։
  • Մարդու իրավունքների պաշտպան՝ թեժ գիծ 116, իսկ ոչ աշխատանքային ժամերին՝ 096 116 100։ Պաշտպանի աշխատակազմն իր կայքում հորդորում է բռնության և սեռական ոտնձգության դեպքում դիմել իրենց։ Կարելի է գրել նաև ombuds@ombuds.am հասցեով։
  • Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն. Գործակալությունը, իր իսկ հաղորդմամբ, դիմումի հիման վրա ստուգում է անձնական տվյալների մշակման օրինականությունը, այդ թվում՝ ֆիզիկական անձանց կողմից։ Արժե դիմել և պարզել՝ արդյոք ձեր դեպքը նրա իրավասության մեջ է։
  1. Մի մնացեք մենակ։ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի թեժ գիծն աշխատում է շուրջօրյա՝ +374 77 991 280 (նաև Viber և WhatsApp)։ Կենտրոնը տրամադրում է հոգեբանական և փաստաբանական աջակցություն, այդ թվում՝ անչափահասներին։ Զրուցեք նաև այն մարդկանց հետ, որոնց վստահում եք։

Եթե զոհը երեխա է, ծնողները պետք է անհապաղ դիմեն ոստիկանություն։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաձայն՝ նման պատկերները երեխայի նկատմամբ սեռական բռնության նյութեր են։ Այս դեպքում մի պահեք և մի ուղարկեք նյութը որևէ մեկին, այդ թվում՝ ապացուցելու համար։ Google-ին հեռացման դիմում ներկայացնելիս, օրինակ, պետք է նշել հենց հղումները, և կարելի է կցել սքրինշոթներ, որոնցում անպարկեշտ հատվածները պետք է ծածկված լինեն։

Իսկ եթե նման տեսանյութ եք ստացել ուրիշի մասին, ամենաճիշտը չուղարկելն է, բողոքելը և ջնջելը։

Իմ կարծիքը

(Սա իմ կարծիքն է, ոչ թե ստուգված փաստ։)

Ինձ ամենաշատը մտահոգում է, որ այս դեպքերում ամոթը հաճախ ընկնում է ոչ թե տեսանյութը ստեղծողի, այլ այն մարդու վրա, ում դեմքն օգտագործվել է։ Մեր հասարակությունում աղջկան դեռ կարող են մեղադրել նույնիսկ այն բանի համար, ինչ նա երբեք չի արել։ Եվ հենց սրա վրա են հույս դնում նման տեսանյութեր ստեղծողները։

Տեխնոլոգիական լուծումները կան, և լավ է, որ դրանք անվճար են ու պաշտպանում են գաղտնիությունը։ Բայց դրանք չեն փոխարինի օրենքին։ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ավստրալիան արդեն ցույց են տվել, որ ՍԻ-ով ստեղծված ինտիմ պատկերը նույնքան լուրջ խնդիր է, որքան իրականը, և որ դրա համար պատասխանատվություն կարող են կրել և՛ մարդիկ, և՛ հարթակները։ Ինձ թվում է՝ Հայաստանին նույնպես պետք է նման հստակություն, որպեսզի զոհը ստիպված չլինի ապացուցել, թե ինչու է կեղծ տեսանյութը վնասել իրեն։

Եվ վերջապես՝ յուրաքանչյուրս կարող ենք մի բան անել հենց այսօր։ Դիփֆեյքը ստեղծում է մեկ մարդ, բայց տարածում ենք մենք։ Բլոգեր Զարա Ղազարյանը teenslive.am-ի հետ համատեղ գրառմամբ դա լավ է ձևակերպել. մի՛ դարձիր այն թվային ամբոխի մասը, որի թիրախում ինքդ չէիր ցանկանա հայտնվել։

Աղբյուրներ

  • Զարա Ղազարյան. Instagram տեսանյութ, 2026-ի հոկտեմբերի 13. https://www.instagram.com/zaraghazaryan/reel/Deb1KvVCA24/
  • Զարա Ղազարյան և teenslive.am. Instagram գրառում, 2026-ի հոկտեմբերի 10. https://www.instagram.com/zaraghazaryan/p/DeUbmVPgp4u/
  • ՀՀ Գլխավոր դատախազություն. «The prosecutor has submitted the criminal case to the court on the fact of causing another person to commit attempted suicide because of disclosed information considered to be private secret», 2025-ի հունվարի 9. https://prosecutor.am/en/article/4744
  • ARMENPRESS (ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդմամբ). «Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է քրեական հետապնդում». https://armenpress.am/hy/article/1248315
  • ARMENPRESS (ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդմամբ). «ՀՀ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելու և տարածելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», 2025. https://armenpress.am/hy/article/1223456
  • ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան. գենդերային բռնության դեմ քարոզարշավի հաղորդագրություն. https://www.ombuds.am/am/site/ViewNews/2780
  • ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան. հաղորդագրություն՝ թեժ գծի և կապի տվյալներով. https://ombuds.am/am/site/ViewNews/3679
  • ՀՀ Արդարադատության նախարարություն, Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն. «Personal Data Protection Agency fines organisation for the first time for illegitimately processing personal data», 2023-ի դեկտեմբերի 25. https://www.moj.am/en/article/3839
  • Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն. պաշտոնական կայք. https://saccarmenia.org/hy/
  • Կանադայի կառավարություն. ճանապարհորդական ուղեցույց՝ Հայաստան, արտակարգ ծառայությունների համարներ. https://voyage.gc.ca/assistance/ambassades-consulats/armenie

Միջազգային կազմակերպություններ և դեպքեր

Օրենքներ և պաշտպանության գործիքներ

Ինչպե՞ս էր հոդվածը

Եղիր առաջինը, ով կարձագանքի

Հավանեցի՞ր հոդվածը

Կիսվիր ընկերներիդ հետ

deepfakeSIStopNCIIանվտանգություն